Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ շեշտելով, որ այդ քայլը միայն կմեծացնի լարվածությունը Հարավային Կովկասում։
«Հայաստանում նրանց հայտնվելը բացարձակապես անօգուտ քայլ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում։ Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, այլ բերում է միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն։Մենք տեսնում ենք, որ Անդրկովկասում Եվրամիության քաղաքականությունն ուղղված է բացառապես Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն՝ միաժամանակ օգտագործելով մեր ձեռքբերումները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծել է է Գալուզինը։