Եթե մենք չկարողանանք ցույց տալ, որ Հայաստանը ոչ միայն տարածք է, այլև ունի շատ յուրօրինակ դերակատարություն, մեզ վերաբերելու են որպես օբյեկտի, ոչ թե որպես սուբյեկտի, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ մեզ պետք է շատ հստակ դիվանագիտություն, բալանսավորված արտաքին քաղաքականություն ԱՄՆ-ի և Արևմուտքի՝ ռեալ քաղաքականության հիմքեր ստեղծող և ուղղորդող ուղեղային կենտրոնների հետ։
«Երկրորդ՝ կապը սփյուռքի այն շրջանակների հետ, որոնք որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեն՝ յուրաքանչյուրն իր երկրում։ Սփյուռքի դերակատարությունն ամբողջովին պետք է վերանայվի. կա՛մ մենք կարողանում ենք փոխել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, կա՛մ շարունակում ենք այն, ինչ այսօր կա»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Բանախոսի համոզմամբ՝ եթե մենք կարողանանք Հայաստանը դիտարկել և ներկայացնել որպես լուրջ դերակատարություն ունեցող պետություն, հաջողելու ենք, եթե ոչ՝ տանուլ ենք տալու։
«Այս առումով մեր անելիքը 30 անգամ ավելի շատ է, քան եղել է 90 թվականին կամ դրանից հետո՝ 94-ին։ Եթե մենք Արցախի հարցը դիտարկենք որպես Հայոց հարցի նիզակի ծայր, կտեսնենք, որ ի սկզբանե պատկերն աղավաղված է եղել, և մեզ վերաբերվել են այնպես, ինչպես մենք ներկայացրել ենք։
Այն, ինչ չի արվել մինչև հիմա, պետք է արվի, այն, ինչ չի անում այս իշխանութունը, պետք է անի այս պայքարող խումբը։ Համոզված եմ, որ ակցիաների փիլիսոփայությունից պետք է անցնենք գործողությունների փիլիսոփայության, այսինքն՝ պետք է ունենանք հստակ քայլերի ծրագիր և աշխատանքի բաժանում»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։