Խնդիրն այն չէ՝ ով ում հետ է խոսում և որտեղ է խոսում. խնդիրն այն է, թե ով է խոսում։ Եթե խոսում է ՀՀ գործող վարչապետը, ապա որտեղ էլ խոսի՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե մեկ այլ տեղ, մեզ համար, միևնույն է, վատ է լինելու, որովհետև նրա բոլոր թեզերը դեմ են ՀՀ պետական շահերին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ համաձայնության գալու լավագույն միջոցն ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ առանց որևէ միջնորդի։
«Հայաստանի Հանրապետության գործող վարչապետն Արցախը և ՀՀ տարածքները ճանաչում է Ադրբեջանի կազմում, բանակն է փլուզում, արտաքին քաղաքականությունը ձախողում, չի կարողանում հարաբերություններ ձևավորել ՀՀ դաշնակիցների հետ։ ՀՀ գործող վարչապետի նկատմամբ վստահություն չկա ոչ ոքի՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ-ին մոտ. նա մարդ է, որն ուղղակի անհասկանալի է »,- ասաց Ստեփանի Դանիելյանը։
Վերլուծաբանի խոսքոեվ՝ Ալիևը շահագրգռված է Փաշինյանի հետ ուղիղ բանակցություններ վարել, քանի որ գիտի՝ վերջինիս հետ դեմառդեմ բանակցելիս կարող է առավելագույն զիջումներ կորզել։
«Որովհետև, երբ Վաշինգտոնում է լինում, այնտեղ արդարանում է, որ Մոսկվայի կողմից է ճնշումների ենթարկվում, երբ Մոսկվայում է լինում, հայտարարում է, որ Արևմուտքի կողմից է ճնշումների ենթարկվում։
Ալիևն ուզում է ուղիղ խոսել, հոգեբանական ճնշում գործադրել, որովհետև ՀՀ գործող վարչապետը բանակցությունների ժամանակ միշտ աչքերն իջեցնում է։ Նրա մոտ, կարծես, ինչ-որ վախ կա. այդ վախը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ ինչ-ինչ գործողությունների դիմել կամ էլ պայմանավորված է նրանով, որ Ալիևը Փաշինյանի մասին գիտի ինչ-որ բաներ, որ մենք չգիտենք։
Ալիևին հարմար է ուղիղ խոսել՝ Վաշինգտոնին և Մոսկվային ցույց տալու, որ ինքը որևէ մեկի ճնշմամբ չի խոսում։ Դա նրա համար ավելի հարմար ֆորմագտ է»,-ամփոփեց Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ օկուպացված Շուշիում անցկացվող միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել՝ երկու երկրների միջեւ ուղիղ բանակցություններն ավելի օգտակար եւ պիտանի կլինեն։ «Կարծում եմ՝ մենք պետք է այսուհետ եւս շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- ասել է Ալիևը։







