Այս իշխանությունների կոռուպցիոն հսկայական ծավալները մամուլում արձանագրված են, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:
«Մարդը գանգատվում էր, որ վարկը հազիվ են կարողանում փակել, հանկարծ իմանում ես, որ առանձնատուն է գնել: Պաշտպանության նախարարի մասին եմ ասելու. Ազատ գյուղի կացարանում, որտեղ վառվեցին մեր զինվորները… բայց ինքը 2-3 տուն է գնում: Զինվորը ապրում է այդ պայմաններում քո պատճառով, քո վերահսկողության ներքո, դու դրա դիմաց 2-3 տուն գնե՞ս, գնաս ճոխ-ճոխ հարսանիքների քավոր դառնա՞ս: Սա կոռուպցիա՞ է, թե կոռուպցիա չի:
Ես դեմ չեմ, որ մարդիկ տուն ունենան, ինչ ուզում են, թող ունենան, եթե վաստակել են, թող ունենան, բայց իրենք մեղադրել են հենց այդ կոռուպցիայի, այդ տների, առանձնատների համար, իսկ հիմա իրենք նույնն են անում»,-ասաց նա:
Սրբազանը նշեց ՝ինքը 7 տարի բանակի հետ է եղել, սպա բազմաթիվ ընկերներ ունեցել, որոնցիօց շատերը կալանքի և հալածանքների են ենթարկվել, որոշներն էլ, պատվից դրդված, թողել են ոլորտը։
Ասուլիսի ընթացքում Բագրատ սրբազանն անդրադարձավ նաև քաղաքական տարբեր ուժերի՝ շարժմանն աջակցելու կամ պայքարի գործընթացից անմասն մնալու կեցվածքին։ Մասնավորապես «Լուսավոր Հայաստանի» մասով Սրբազանը նկատեց՝ ովքեր դաշտում են՝ դաշտում են, ովքեր պարսավելի երևույթները չեն դատապարտել՝ դատապարտելի են։
«ԼՀԿ-ն կլինի, թե ուրիշ մեկը, կապ չունի։ Չեն դատապարտել՝ ամոթ իրենց։ ԲՀԿ-ի աջակիցների խմբեր ներկա են, այո՛, մարդիկ մասնակցում են, ոմանք էլ ծեծուջարդի են ենթարկվել։ Մասնակցել են Կիրանցից սկսած։ Ինչ խոսել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, ներկայացրել եմ»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Տավուշի թեմի առաջնորդը շեշտեց՝ երեսպաշտ կեղծավորները մեր կյանքը դարձրել են իբր քաղաքական կյանք:
«Ի՞նչ քաղաքական կյանք. աղետի մեջ եք ապրում: Ինքնության կորստի մեջ ենք ապրում: Քաղաքականություն կա՞ Հայաստանում, որ քաղաքական կյանք լինի: Չե՞ք տեսնում՝ խորհրդարանի ամբիոնն ինչի է վերածվել: Մարդը, որ կարող է գնալ գեներալ-գնդապետի հարվածել, չգիտեմ ով, դա քաղաքական կյա՞նք է: Դա խուլիգանություն է: Ոստիկանապետը որ ցուցարարին ասի լակոտ, լակոտություն, երկրիդ ղեկավարը, որ պետք է մարդկանց ասի՝ ասֆալտ պետք է լիզեք, բորդյուր պետք է ուտեք, դա քաղաքական կյա՞նք է: Շնաբարո դուրսպրծուկներ ասե՞լն է քաղաքական կյանքը:
Ողբամ այդպիսի քաղաքական կյանքը և քաղաքական գործիչներին, որ փետուրներ են հագել, այստեղից այնտեղից փողեր ստանալով, լուրջ դեպքով վերլուծաբաններ են»,-ասաց նա: