Ադրբեջանցի «էկոակտիվիստի» լկտի հայտարարությունն Ադրբեջանի իշխանությունների լկտի գործողությունների արտացոլանքն է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստի» հայտարարությանը, որ ի պատիվ նովրուզի՝ ինքը պատրաստ է հայի սպանել և նրա արյունը ավելացնել լուլա-քաբաբի մեջ։
«Իրենք բանակցությունների էլ գալիս են, կարելի է ասել, «արյունոտ կացինը» ձեռքներին։ Այստեղ մենք, ըստ էության, ապավինում ենք քաղաքակիրթ աշխարհի մեր գործընկերներին, մեր ուժին և մեր ժողովրդին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԱԺ նիստերով պայմանավորված՝ ադրբեջանցի «էկոակտիվիստի» հայտարարությունն իրենց խմբակցությունում առայժմ քննարկման առարկա չի դարձել, ինքը զուտ անձնական դիրքորոշում է հայտնում։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ եթե ամեն «էկոակտիվիստի» հնչեցրած մտքին անդրադառնան, ապա պետության գործերն ո՞վ պետք է անի։
«Սակայն անհրաժեշտ մարդիկ՝ օրինակ՝ պատգամավորները և ԱԳ նախարարության մեր գործընկերները, միջազգային խորհրդարանական հարթակներից բնականաբար անդրադառնում են այդ բոլոր հարցերին։ Այսինքն՝ ամեն ինչ ունի իր ճիշտ տեղը։ Կարծում եմ՝ «էկոակտիվիստի» նման լկտի և մարդատյաց հայտարարությունը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաակնառու ապացույցն է։
Վստահ եմ՝ ԵԽԽՎ-ում մեր ընդդիմադիր և իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում այս ամենին պիտի անդրադառնան ու կանդրադառնան»,- ամփոփեց ՔՊ խմբակցության անդամը։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված տեսանյութում Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկն անթաքույց հայտարարում է՝ «Ի պատիվ Նովրուզի՝ կսպանեմ հայի ու նրա արյունը կավելացնեմ լուլա-քաբաբին»։