Կիրանցում դեպի սահման՝ Ադրբեջան տանող հատված, ՀՀ իշխանությունները հետիոտնային գիծ են գծել։ Սա աբսուրդ է, շիզոֆրենիա, ի՞նչ են ուզում սրանով ասել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս հետիոտնային գծի անմիջապես կողքին Կիրանցի դպրոցն է, և Կիրանցի աշակերտներին առաջարկում եք սեպտեմբերի 1-ից գնալ այդ դպրոցը՝ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների և դիպուկահարների թիրախի ներքո։ Ես մի քանի անգամ ԱԺ-ում ասել եմ՝ դուք ձեր երեխաներին, ձեր ընտանիքը կտանե՞ք այդտեղ։ Իհարկե չեն տանի, որովհետև ըստ իշխանությունների՝ յոթ օր կարող է հանգիստ լինել, ութերորդ օրը՝ պատերազմ։
Մենք տարածքներ ենք հանձնում, իշխանությունն ասում է՝ անվտանգային ռիսկերն ենք նվազեցնում։ Եվ առանց ամաչելու այդ մարդիկ մի մեծ գործ են համարում թիթեղներ դնելը, որ այն կողմում գտնվող ադրբեջանցիներին չտեսնենք։ Իսկ ադրբեջանցիներն իրենց անցած տարածքներում ակտիվ ինժեներական աշխատանքներ են կատարում և նախապատրաստվում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը պետք է խաղաղության խաչմերուկ լինի, ադրբեջանական կողմից հայտարարում են, որ ճանապարհների ապաշրջափակում չի լինելու, այդ թեման փակ է։
«Իսկ Ադրբեջանը հերթական պահանջներ է ներկայացրել հայկական կողմին։ Չմտածեք, թե խաղաղ ապրելու եք Ադրբեջանի հետ, նման բան չի լինելու։ Այս ամենին զուգահեռ՝ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում՝ ՀՀ քաղաքացիների զգոնությունը թուլացնելու, բթացնելու վրա։ Ադրբեջանն ասում է՝ պատերազմ եմ սկսելու, սրանք ասում են՝ ոչինչ, որ պատերազմ է լինելու։ Պատերազմող երկրում մեկ ամիս արձակուրդ են վերցնում, զբաղվում «կայֆերով»։ Ո՞ր մի երկրում նման բան կա, ուրիշ երկրորդ նման երկիր կա՞։
Որ ասում եք՝ թողեք մեր հաճույքները վայելենք, հաճույքներ չեք վայելելու, վայելելու եք Ադրբեջանի ագրեսիան»,- հարց ուղղեց պատգամավորը։