Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանից Արցախ գնացող ճանապարհին, այն է՝ Լաչինի միջանցքում, որևէ ներկայացվածություն ունենա՝ ընդհուպ գոնե հեռվում կանգնելու և դիտարկում կատարելու ձևով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Ասենք՝ նայել, թե ինչպես են ռուս խաղաղապահները Հայաստանից Արցախ մուտք գործող մեքենաները ստուգում։ Կարծում եմ՝ այս փուլում ադրբեջանցիներն այս խնդիրն են լուծում և ըստ այդմ՝ հետագայում ուզում են հիմնավորել, որ ռուս խաղաղապահներն այդ գործառույթը թերի են կատարում։ Հետո նրանք հաջորդ քայլերը կպատրաստեն։
Կարծում եմ՝ ադրբեջանցիները շարունակելու են այս գործընթացը՝ ներառյալ նաև հայկակական բնակավայրերի բնակիչների հետ ուղիղ շփման մեջ են մտնելը։ Նման դեպք, հիշում ենք, օրեր առաջ տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի մերձակայքում, և նման միջադեպերը պարբերական բնույթ են կրելու»,- համոզմունք հայտնեց Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ ադրբեջանցիների նման գործելաոճի նպատակը մի կողմից Արցախի հայ բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, մյուս կողմից՝ ռուսական խաղաղապահ զորակազմի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելը, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հրաշալի գիտակցում է՝ Արցախի հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Արցախում հայ ազգաբնակչություն չի լինի։
«Իսկ դա կարող է տեղի ունենալ շատ արագ, եթե այդ տարածքից ռուս խաղաղապահները դուրս բերվեն»,- նկատեց Հայկ Նահապետյանը։
Մինչ այդ, ըստ մեր զրուցակցի, Լաչինի միջանցքում ստուգումներ իրականացնելը ռուս խաղաղապահների գործառույթն է, և հիմա ընդամենը տեխնիկական միջոցների համալրում է իրականացվում։ Այնպես որ, արտառոց որևէ բան չկա։
«Բայց խնդիրն այն է, որ սկզբում տեղեկատվություն տարածվեց առ այն, որ ռուսական կողմի հետ այդ գործառույթի մասնակից է լինելու նաև ադրբեջանական կողմը։
Ինչ վերաբերում է երեկ տարածված ապատեղեկատվությանը, որ Լաչինի միջանցում ադրբեջանական մաքսակետ է տեղադրվելու, ապա պետք է նշել, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները մաքսային ծառայության հետ որևիցե առնչություն չունեն։
«Ոչ մի մաքսային ծառայություն այնտեղ չի իրականացվելու, որովհետև դա այլ գործառույթ է՝ այլ մասնագետների ներգրավմամբ»,- նշեց Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից բնապահպանական կեղծ նկատառումներով Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածը փակելու միջադեպին՝ ռազմական փորձագետն ընդգծեց՝ այսպես կոչված բնապահպաններն իրականում ադրբեջանցի զինվորականներ էին՝ դատելով վերջիններիս տեսքից, կանգնելու ձևից և այլն։
«Ադրբեջանցիները ուրիշ որտե՞ղ պետք է իջնեին, որպեսզի արագորեն հայտնվեին հայկական տրանսպորտային միջոցների ճանապարհին։ Դա հենց Շուշիի մուտքի մոտ էր, որտեղ միմյանց հարևանությամբ տեղակայված երկու հենակետ կա՝ մեկը ռուսականը՝ մեր ճանապարհի վրա, մյուսը՝ ադրբեջանականը՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Հենց այդ հատվածում՝ Շուշիի մուտքի մոտ, պետք է փակեին, որովհետև շատ երկար ճանապարհ անցնել չէին կարող»,- բացատրեց Հայկ Նահապետյանը։