ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին շնորհավորելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը կարող է վկայել հնարավոր պատժամիջոցների եւ մի շարք հարցերի շուրջ դաժան պատիժների վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունների մասին, որոնք Էրդողանը հավասարակշռում էր Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, գրում է Bloomberg-ը:
Աղբյուրը նշում է, որ 2017-ին որպես փոխնախագահ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները սերտ գործընկերությունից անցել էին փոխադարձ անվստահության:
Այս տարվա հունվարին The New York Times-ին տված հարցազրույցում Բայդենը Էրդողանին անվանել էր «ավտոկրատ» եւ աջակցություն էր հայտնել թուրքական ընդդիմությանը: «Նա պետք է վճարի գինը»,- ասել էր Բայդենը:
Ըստ Bloomberg-ի տվյալների, այդ գինը կարող է նշանակալի լինել: Թուրքիային սպառնում է հնարավոր պատժամիջոցներ ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված, որոնք, ըստ ԱՄՆ-ի, անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զենքի հետ եւ անվտանգության սպառնալիք են ներկայացնում: Թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում երկու կուսակցություններն էլ սատարում են պատժամիջոցները, որոնք հիմնականում զսպվում են Էրդողանի հետ Թրամփի անձնական բարեկամության պատճառով:
Թուրքական Halkbank պետական բանկին նույնպես մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում խարդախության եւ փողերի լվացման մեջ՝ կապված իրանա-թուրքական պատժամիջոցները շրջանցելու սխեմայի հետ:
Բայդենը եւ Էրդողանը տարաձայնություններ ունեն նաեւ Սիրիայի քրդերի կարգավիճակի, արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ծովային պահանջների եւ Հունաստանի ու Կիպրոսի հետ շարունակվող վեճերի շուրջ:
Bloomberg-ը նաեւ մատնանշել է Էրդողանի շաբաթ օրը արված մեկնաբանությունները, որոնք հերքում են այն միտքը, որ վերջերս Ռուսաստանի հետ Թուրքիայի բարեկամությունը Արեւմուտքից հեռանալ է նշանակում:
«Մենք Ռուսաստանի հետ վերջերս խորացող համագործակցությունը չենք դիտարկում որպես Ամերիկայի հետ մեր ամուր կապերի այլընտրանք»,- ասել է Էրդողանը Միջազգային անվտանգության հալիֆաքսյան համաժողովում, իսկ կիրակի նա Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության կոչ է արել:
«Էրդողանը, կարծես, պատրաստվում է վատթարագույնին»,- նշում է Bloomberg-ը: Էրդողանի կառավարությունը որոշ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել արտերկրում էներգետիկ եւ հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքը հեշտացնելու համար, եթե նրանք հայտնվեն ԱՄՆ պատժամիջոցների տակ: Անցյալ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծով Թուրքիան ոլորտի ընկերություններին իրավունք է տվել արտասահմանյան գործողությունները փոխանցել Թուրքիայի իրավասությանը՝ որպես պաշտպանություն:
news.am