Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
-Պարո՛ն Համբարյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին Հայաստանի համար։ Ի՞նչ տվեց 2023-ը հայ ժողովրդին։
-2023-ը հերթական աղետալի և ամենասարսափելի տարին էր հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, որովհետև հինգ հազար տարվա մեջ առաջին անգամ Արցախը լիովին հայաթափվեց։ Մենք մեր պատմության մեջ այսպիսի էջ չենք ունեցել, որ Արցախը երբևէ հայաթափված լինի։ Սա առաջին անգամ է, և պետք է ցավով նշեմ՝ որևէ լավատեսական սպասում չունեմ, որ Արցախում կրկին հայեր կբնակվեն. թուրքի ձեռքից հող վերցնելն ահնարին գործ է։
Ինչպեսև սպասվում էր, ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները 2020 թվականից ի վեր՝ Հայաստանը տանում են նոր կուրստների և նվաստացումների, և 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետք էլ չէ որևէ լավ բանի սպասել․լավ բանի կարող են սպասել կամ ստամոքսով մտածողները կամ տարրական տգետները, որովհետև պատմության անիվը հայ ժողովուրդը չէ, որ պետք է շրջի. աշխարհում կան չգրված կանոններ, և եթե որևէ մեկը փորձում է խախտել դրանք, բումերանգի օրենքով սարսափելի հարվածներ է ստանում։
Եթե մենք վերընտրում ենք կապիտուլյանտ և պարտված անձին՝ մտածելով, որ աշխարհին պետք է պարտադրենք հարգել մեզ, ապա դա լուրջ խնդիր է առաջին հերթին հենց մեզ համար։ Աշխարհում որևիցե ժամանակշրջանում պարտված առաջնորդներին չեն հարգել և չեն ընդունել, և եթե մենք պարտված առաջնորդին կրկին վերընտրում ենք, ապա, ինչպես մի անգամ ասաց Ադրբեջանի բռնապետը, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հայ ժողովրդի պարտությունն է, և եթե հայ ժողովուրդն ընդունել է իր պարտությունը, ապա ամբողջությամբ պետք է պատասխան տա սեփական պարտության համար։ Իսկ պատասխանը մենք հիմա տեսնում ենք։
-Պարո՛ն Համբարյան, ի՞նչ տպավորություն ունեք երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքից, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։
-Սարսափելին այն է, որ Հայաստանին վերաբերող հարցերն ուղղակիորեն ոտքի վրա են լուծվում։ Երեկվա Փաշինյան-Ալիև և Փաշինյան-Պուտին այսպես կոչված հանդիպումները խայտառակության վերջն էին։ Չի կարող նորմալ ղեկավարը ընդամենը թանգարանում շրջայցի ժամանակ մեկ այլ երկրի ղեկավարի հետ մի քանի մետր հեռանա և բանակցություններ վարի։ Սա ինքնախայտառակվելու ամենասարսափելի դրսևորումներից մեկն է, երբ Ադրբեջանի բռնապետը սեղանին հենված Փաշինայի հետ ինչ-որ բաներ է խոսում, իսկ Փաշինյանի խոսնակը հայտարարում է, որ Ալիևի և Փաշինյանի միջև բանակցություններ են տեղի ունեցել։
Պարզվում է՝ ադպիսի «բանակցություններ» ամեն օր յուրաքանչյուրս իր հարևանի, ծանոթի, բարեկամի հետ ենք ունենում. դրանք, փաստորեն, ոչ թե սովորական զրույցներ կամ մի երկու ֆրազի փոխանակում են, այլ բանակցություններ։
Նույն խայտառակությունն էին նաև Պուտինի հետ Փաշինյանի շփումները։ Տեսանք, թե ինչպես Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահներն առաջ էին շարժվում, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ՌԴ նախագահի հետ մի քանի քայլ հետ ընկած, ակտիվ զրույց էր տանում։ Դա բանակցություն չէ, դա ցույց է տալիս, թե Ռուսաստանի և Ադրբեջանի համար Հայաստանն ինչ մակարդակի վրա է գտնվում։
Այդպես կարող էին բանակցել նաև զուգարանում. ինչո՞ւ ոչ. Պուտինը լիներ մի, Փաշինյանը՝ մյուս, Ալիևն էլ երրորդ «կաբինայում», և բոլորն իրար հետ պատից այն կողմ բարձր-բարձր խոսեին։ Ի՞նչ տարբերություն, միևնույն է, բանակցություններն այդ մակարդակի են իջել։
Համոզված եմ՝ Փաշինյանը շատ մեծ ուրախությամբ կընդուներ Ալիևի՝ բանակցությունների առաջարկը, բայց վերջինս նպատակ չուներ բանակցելու։ Փաշինյանն արդեն երեք տարի է՝ իրականացնում է Ալիևի երազանքները. Բաքվի բռնապետը նույնիսկ իր վարդագույն երազներում չէր տեսնի, որ Արցախը մի օր ամբողջությամբ հայաթափված կլինի կամ ինքը կկարողանա Հայաստանում ռազմավարական կարևորագույն ճանապարհներ վերահսկել։ Ադրբեջանն այնքան է հզորացել, որ որոշում է՝ Հայաստանի տարածքում որտեղ ինչ գործարան կառուցվի։ Ասվածի ապացույցը Երասխի մետալուրգիական գործարանն է, որը վերջերս տեղափոխվեց։
Ասեմ նաև՝ այն մարդիկ, որոնք երազում են, որ Արցախի կորստից հետո երջանիկ օրեր են գալու, վաղը-մյուս օրն ստանալու են թուրք-ադրբեջանական տանդեմի պատասխանը։ Իսկ պատասխանն այն է, որ այդ երկու երկրները երբեք թույլ չեն տալու, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր։ Ավելին՝ շատ շուտով մեզ նորանոր աղետներ են սպասվելու՝ դատելով նրանից, որ Ադրբեջանը հայտարարում է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելով՝ ինքը նպատակ չունի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ալիևը շատ պարզ այս մասին ասաց, այսինքն՝ ադրբեջանական օկուպացիոն զորքերը երբեք դուրս չեն բերվելու ՀՀ գրավյալ տարածքներից։ Բայց Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի հայերին դուրս վռնդի այսպես կոչված երեք անկլավներից և դրանք ամբողջությամբ իր ենթակայության տակ վերցնի՝ լիովին վերահսկելու Հայաստան-Իրան և Հայաաստան-Վրաստան ռազմավարական ավտոճանապարհները։ Այդ պարագայում նա երբ ցանկանա՝ կփակի այդ ճանապարհները, ինչպես փակեց Գորիս-Կապան ճանապարհը։
-Պարո՛ն Համբարյան, Ադրբեջանի ԱԳ նախարարն օրերս հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի կարող հարյուր տոկոսով լուծել բոլոր հարցերը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս հայտարարության մեջ։
-Այդ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լավ հարաբերություններ չեն հաստատվելու. նման բան չի լինելու։ Ադրբեջանցիներն իրենց ծրագրերում շատ անկեղծ են։ Նրանց ամենակարևոր նպատակներն են՝ նախ ՀՀ տարածքից դուրս չբերել ադրբեջանական զորքը, ստանալ այսպես կոչված անկլավները և Հայաստանը լցնել թուրքերով։ Իրենք դա անելու են, և Միլի Մեջլիսի՝ «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին երեկ ընդունած հայտարարությունը դրա վկայություն է։ Ալիևը դա մինչև վերջ անելու է, այդ ծրագիրը Հայաստանում իրականացվելու է Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ։ Ես բոլորովին պատահական չեմ համարում, որ նա ամիսներ առաջ հայտարեց՝ իր միջազգային գործընկերները զարմանում են, թե որքան մոնոէթնիկ երկիր է Հայաստանը։ Նման բան չկա, պարզապես Փաշինյանը դրանով թուրքերին Հայաստան բերելու ցրցամը տվեց։
-Եվ վերջում, ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ 2024 թվականից։
-Որևիցե լավ բան 2023 թվականին չի եղել, 2024 թվականին ևս չի սպասվում։ Գալիք տարին լինելու է նորանոր աղետների տարի, եթե, իհարկե Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պահպանվի։ Իսկ ինքնախաբեությամբ զբաղվող զանգվածն էլ թող ուրախ-զվարթ տոնի Նոր տարին։ Մենք Արցախ ենք կորցրել, իսկ այստեղ քննարկում են, թե Երևանի գլխավոր տոնածառն իր բարձրությամբ որ տեղում է գտնվում ԱՊՀ մյուս մայրաքաղաքների տոնածառերի համեմատությամբ։
Հայաստանում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Հին Հռոմում ընդունված «Հաց և տեսարաններ» կարգախոսով։ Դե, քանի որ հաց չկա, մի փոքր լափ է մնացել՝ շպրտելու մասսայի առջև, մնում են տեսարանները, իսկ տեսարաններն էլ ամեն կերպ ապահովվում են։