Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել, թե Հայաստանն իբր իր պարտավորությունները չի կատարելում։ Սա պատրվակ է՝ Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար. Կառավարությունում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր ելույթում նշել է.
«Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով.
Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ «Լաչինի միջանցք», սա մեջբերում է, այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին:
Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ « միջանցք» արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք:
9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսք է գնում միայն տրանսպորտային հաղորդակցության մասին:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է, մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»:
Այսինքն՝ մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել, և միայն սա կարող է անել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք՝ որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ Լեռնային Ղարաբաղի համար:
Նույն հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է:
Սա ակնհայտ է դարձնում նաև 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ:
Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի»: