Քանի դեռ Հայաստանը չի կանգնեցրել Ադրբեջանին, ոչ ոք նրան չի կանգնեցնի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին, որոնց արդյունքում երկու օտարերկրացի էր վիրավորվել։
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները վերջին հանդիպման ժամանակ կրկին կարմիր գծերի մասին հայտարարություններ արեցին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», Շուշիում թուրքական հյուպատոսության բացում և այլն։ Թուրքիան, տեսնելով Ադրբեջանի խորագույն վախերը, ցանկանում է Շուշիում հյուպատոսություն բացել՝ հասկացնելու, որ եթե հայկական կողմը երբևէ ազատագրի բերդաքաղաքը, գործ կունենա Թուրքիայի հետ»,- ասաց ադրբեջանագետը։
Գրիգորի Այվազյանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ Երասխում կատարվածի առնչությամբ միջազգային հանրության սուր գնահատականների չարժե սպասել՝ հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը։
Նրա համոզմամբ՝ որքան էլ Հայաստանի բարձրագույն իշխանությունը հայտարարի, որ պետք է Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել, միակողմանի ոչնչի հնարավոր չի լինի հասնել։
«Հայաստանի թշնամիները պատրաստվում են պատերազմի, սահմանին ամեն օր սադրիչ գործողությունների են գնում, իսկ ՀՀ իշխանությունները, միևնույն է, ասում են, որ խաղաղության դարաշրջան են բացելու։ Դե բացեք, տեսնենք՝ ինչպես եք բացելու։
Ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՀՀ քաղաքացիների են առևանգում, և ակնհայտ է, որև նման խաղացողի հետ չես կարող խաղաղության օրակարգի հասնել։ Եթե դու թույլ ես տալիս, որ ադրբեջանցիները քո սուվերեն տարածքից հայ զինվորների առևանգեն, ապա ինչո՞ւ նրանք չպետք է Հնդկաստանի քաղաքացիների վրա կրակեն»,- հարց հնչեցրեց Գրիգորի Այվազյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: