Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։
–Պարո՛ն Պողոսյան, երբ այսօր լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ արդյոք «Սրբազան շարժումն» իր կյանքում ոչիչ չի փոխել, վերջինս պատասխանեց՝ «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրևն էլ, ձյունն էլ»։ Կարելի՞ է ասել, որ նմանօրինակ համեմատությունը նպատակ ունի նսեմացնելու շարժման կարևորությունը։
-Հաշվի առնելով այսօրվա իշխանությունների կեցվածքը՝ սա վարքագիծ է ոչ միայն իր, այլ գրեթե ամբողջ թիմի մոտ։ Այն ցինիզմը, որը դրսևորվում է ամենատարբեր իրավիճակներում, նորույթ չէ ժամանակակից քաղաքական կյանքում. այն դրսևորվում էր դեռևս Փաշինյանի՝ պատգամավոր եղած ժամանակահատվածում, և այդ խոսույթն այժմ էլ ավելի է խորացվել՝ սարկազմի մակարդակով հաստատվելով ամբողջ կառավարող խմբակի մոտ և կիրառվելով գրեթե բոլոր իշխանականների կողմից։
Նիկոլ Փաշինյանի խոսքից ընդամենը պետք է հասկանալ, որ այս շարժումը չի կարող նրա վրա ազդեցություն չթողնել, և Փաշինյանի սարկազմի ու ցինիզմի մեջ երևում է, որ շարժումն իրականում ինչ-որ բան փոխել է։ Տրամաբանորեն չէր կարող չփոխել, որովհետև Փաշինյանն առնվազն հասկացել է, որ իր պատկերացրած լեգիտիմությունից ոչինչ չի մնացել։ Ընդ որում՝ սա մի արտահայտություն է, որը իշխանությունների կողմից ամենատարբեր իրավիճակներում՝ տեղին-անտեղի, կոնտեքստից դուրս օգտագործվում է, ինչպես որ օգտագործվում են «քաղաքացուց ստացած մանդատ», «ժողովրդի ճնշող մեծամասնություն» և այլ արտահայտություններ։
Հիմա Փաշինյանին ցույց է տրվում, որ դա այդպես չէ, որ հասարակության մեջ նա չունի նախկին իշխանությունը։ Եթե ինչ-որ ժամանակ նա հայտարարում էր, որ բոլորի վարչապետն է, և 2018-2019 թվականներին դա ինչ-որ տեղ իրականություն էր, ապա այսօր դա այլևս այդպես չէ, ընդ որում՝ անշրջելիորեն այդպես չէ։ Նրա պատկերացրած ընտրազանգվածի մեծ մասն այլևս նրանը չէ։ Փաշինյանին իրական աջակցողների թիվը, կարծում եմ, այսօր տատանվում է նախկինից ստացած 7 տոկոս, նույնիսկ ավելի քիչ ընտրազանգվածի մեջ։
-Պարո՛ն Պողոսյան, անդրադառնալով ԱԺ-ի մատույցներում ոստիկանական մեծաթիվ ուժերի կենտրոնացմանը՝ Փաշինյանը նշեց, որ դրա նպատակը խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելն է։ Բայց պտական մարմնի բնականոն գործունեության ապահովման մասին խոսում է մի անձ, որն իր թիմակիցների հետ 2018 թվականին և դրանից հետո բազմիցս խաթարել է պետական տարբեր կառույցների բնականոն գործունեությունը։ Ի՞նչպես է այդպես պատահում։
-Այս հարցին իրականում կարելի է պատասխանել շատ կարճ՝ հայտնի ասույթով. ստրուկները չեն ուզում ազատություն, այլ ուզում են սեփական ստրուկներ։ Իրենց վարքագծի մեջ հենց այս փիլիսոփայությունն է. այն, ինչ իրենց կարելի է, չի կարելի մյուսներին։ Այն, ինչ իրենք արել են, ըստ իրենց, օրինաչափ է, իսկ իրենցից հետո որևէ մեկն իրավունք չունի նույնն անել։ Իրենց կարելի էր ամեն ինչ, մյուսներին՝ ոչ։ Երբ այս իշխանությունները խոսում են սահմանադրական կարգի դեմ գործողությունների, պետության պարալիզացման, օրենքների անարգման, պետական գույքի վատնման կամ փչացման մասին, այս բոլորն իրենց կողմից կիրառված գործողություններ են, բայց քանի որ դա 2018 թվականին էր, և այդ ամենն իրենք էին անում, ըստ իրենց, այդ ամենը լրիվ օրինաչափ էր։
-Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինայնն այսօր նաև հակադարձեց Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը բանակցությունների հետ կապ ունենալ չի կարող։ Որքա՞ն կարևոր է, որ գոնե այժմ Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի և Սահմանադրության փոփոխության կապի անթույլատրելիության մասին։
-Վերադառնանք Ձեր առաջին հարցին. փոխել է արդյոք շարժումը Փաշինյանի մոտ։ Կարծում եմ՝ այո։ Մենք հիշում ենք, որ երբ Փաշինյանն առաջին անգամ Հանրային ռադիոյի եթերում խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ շատ կոնկրետ համեմատություններ անցկացրեց կարմիր շորի և ցլի հետ։ Այդ ժամանակ նա շատ կոնկրետ մեկնաբանեց, որ եթե Սահմանադրության այսինչ նորմը կամ մեր ազգային այսինչ իդեալը հրահրում է մեր թշնամիներին, որպեսզի նրանք հարձակվեն մեզ վրա, ապա պետք է հրաժարվենք դրանից՝ պատերազմի առիթ չտալու համար։ Մարդը, որն ի սկզբանե խոսում էր այդ անհրաժեշտության մասին, հիմա հանկարծ հասկացել է, որ սա ներքին խնդիր է, և Ալիևի կամ մեկ այլ արտաքին դերակատարի կողմից միջամտությունը նշանակում է ՀՀ սուվերենության ոչնչացում, որովհետև Սահմանադրությունը ժողովրդի և պետության միջև պայմանագիր է՝ այդ սահմաններում պետական և հանրային կյանքը կազմակերպելու համար։ Եթե դրա մեջ կա արտաքին միջամտություն, այն այլևս երկկողմ պայմանագիր չէ, այլ՝ բազմակողմ, և ստացվում է, որ կա մեկ այլ դերակատար, որը մասնակցություն ունի քո պետության կառավարման մեջ։ Այս պարագայում ինքնիշխանության մասին խոսելը դառնում է անմտություն։
Վստահ եմ՝ ՀՀ գործող իշխանությունները սա վաղուց գիտեին, բայց քանի որ հիմա կա հանրային դիմադրություն, և այն բորբոքելն իրենց ձեռնտու չէ, հետևաբար խոսույթը փոխվում է։ Իրենք ոչ թե այդպես են մտածել կամ մտածում, այլ զուտ ստիպված են գոնե այս հարցում նահանջել և ցույց տալ, որ իրենց իշխանությունն ամեն ինչ չէ, որ անվերապահորեն ընդունում է։
-Պարո՛ն Պողոսյան, խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ փաստաթղթի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել։ Իրատեսական համարո՞ւմ եք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը։
-Իմ հիշելով՝ առնվազն երկու տարի իրենք նույն բանն են ասում։ Բնականաբար, պայմանգրի կնքման հարցում Փաշինյանի իշխանությունը դերակատար չէ. դերակատար է այն կողմը, որն ստիպում է նրան։ Ինչ վերաբերում է Ալիևին. ինչո՞ւ պետք է Ադրբեջանը շտապի կամ չշտապի։ Եթե թշնամին վստահ լինի, որ Հայաստանում կարող է իշխանություն փոխվել, ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքվի։ Եթե ադրբեջանական կողմը վստահ լինի, որ Հայաստանում իշխանություն չի փոխվելու, այսինքն՝ այս իշխանությունների ընձեռած հնարավորությունների պատուհանը բաց է լինելու, ամեն ինչ ամեն ինչ անելու է, որ այդ պայմանագիրը չկնքվի՝ հետագայում ավելի հարմար պայմաններում նոր պահանջներ ներկայացնելու համար։
Հետևեք մեզ տելեգրամում։







