«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանգուցալուծումը, համենայն դեպս, այնպես չեմ տեսնում, ինչպես շարժման առաջնորդը, որովհետև ուղերձները՝ իմպիչմենտի գործընթաց կամ Նիկոլ Փաշինյանի ինքնակամ հրաժարական, բացառված են. միակ ճանապարհը կարող է լինել շարժման հզորացումը, այն է՝ փողոցում տասնապատիկ ավելի մարդկանց հավաքելը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Սակայն դա, ըստ մեր զրուցակցի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե շարժումը կոնկրետ ծրագրեր ներկայացնի և հայտարարի, թե ինչ է պատրաստվում անել իշխանափոխությունից հետո, ոչ թե ընդհանուր հայտարարություններ անի, այնպիսին, ինչպիսիք են՝ «Ճշմարտությունը կհաղթի ստին» կամ «Սպիտակը հաղթելու է սևին»։
«Սրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են, և քանի դեռ ծրագիր չկա, չեմ կարծում, որ խոսքերի շուրջ հասարակական համախմբում լինի։
Տեսեք, գործող իշխանություններն անընդհատ վկայակոչում են 2021 թվականի ընտրությունները, ասում են, որ ստացել են ժողովրդի մանդատը։ Բայց ռեժիմը ձախողել է, որովհետև 2021 թվականին իշխանության եկել է այլ կարգախոսներով՝ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի անջատում՝ հանուն փրկության, Հայաստանի՝ ԱՀ անվտանգության երաշխավոր լինելու խոստում և այլն։ Բայց ՀՀ իշխանությունն այդ խոստումներից ոչ մեկը չի կատարել, այսինքն՝ ձախողել է. եթե ձախողել է՝ պետք է հեռանա»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ ձախողել է նաև ՀՀ ընդդիմությունը, որը խորհրդարանում հայտնվել է իշխանություններին հեռացնելու խոստմամբ։ Բայց քանի որ մինչ օրս չի հեռացրել, նշանակում է՝ ընդդիմությունը ևս ձախողել է։
«Երկուսն էլ իրենց խոստումները չեն կատարել, երկուսն էլ կատարելապես ձախողել են, և այդ երկուստեք ձախողման արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է այս վիճակում»,- շեշտեց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանը միաժամանակ նկատեց՝ ինքն անկեղծորեն չի հասկանում, թե ինչու է խորհրդարանական ընդդիմությունը մանդատները պահպանում։
«Այսինքն՝ հասարակության հետ պետք է ձախողվելու մասին խոսակցություն տեղի ունենա։ Եթե կողմերից որևէ մեկը չի ուզում ընդունել իր ձախողումը, այլ հակառակլը՝ յուրաքանչյուրը դիմացինին է մեղադրում ձախողման մեջ, ունենում ենք այն վիճակը, որ երկուստեք մեղադրանքները ճիշտ են։
Ստացվում է, որ կողմերին անզնվությունը և քաղաքական կամքն են պակասում՝ խոստովանելու ճշմարտությունը և ընդունելու սեփական մեղքը։ Եվ քանի դեռ այդ անկեղծ խոսակցությունը չի եղել, մենք ունենալու ենք ձախողվածների պայքար՝ ընդդեմ ձախողվածների՝ զրոյական արդյունքով»,- ամփոփեց մեր զրուցակիցը։