Նյութերին ծանոթ չեմ, թե ինչ մեղադրանք է ներկայացված, ինչ հիմքեր ունի քննիչը։ Տեղյակ չեմ այդ նյութերից։ Միայն մի բան գիտեմ, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն. այդ սկզբունքը պետք է կիրառվի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման փաստին։
«Ես բավականաչափ տեղեկացված չեմ, որ մեկնաբանություններ տամ։ Կխուսափեի իրավապահ մարմինների գործունեությունը մեկնաբանելուց՝ առավել ևս եթե անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է»,- ասաց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ Գրիգորի Խաչատուրովին գիտի այնքան, որքան հասարակության ցանկացած այլ անդամ։
Հարցին՝ ինքը վստահություն ունի՞, որ իրավապահ համակարգը լիարժեք անաչառ է և բոլորի նկատմամբ արդար դատաքննություն է իրականացնում, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց.
«Այստեղ էլ պետք է կոնկրետ խոսել։ Եթե կա անաչառության փաստ, կարելի է քննարկել։ Ո՞նց կարելի է ինչ-որ բան բացառել. սխալ կարող է լինել, վրիպում կարող է լինել, հազար բան կարող է լինել, բայց ենթադրություններով մեկնաբանություններ չեն անում. փաստ է լինում, քննարկվում է»,- ասաց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը։
Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է:
Գեներալի մեղադրանքն առնչվում է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:
Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար, դրանցից մեկը գրավադրել է բանկում և գումար ստացել։