Անկեղծ ասած՝ չեմ հասկանում Արցախի պետնախարարի գրառումը, որովհետև այսպես թե այնպես մոտ չորս ամիս է՝ արցախցիները միայն խիստ անհրաժեշտության դեպքում են տեղաշարժի հնարավորություն ունեցել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմանը, որի համաձայն ԱՀ քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում։
Արցախցի պատգամավորը շեշտեց՝ Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկել են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, ինչպես նաև արդեն բուժված քաղաքացիներ, ընտանիքների հետ վերամիավորվող անձինք և ՌԴ քաղաքացիներ։
«Վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչներից ենք լսում՝ «Ի՞նչ է, Արցախը մե՞կ ճանապարհ ունի. բազմաթիվ են այդ ճանապարհները»։ Միգուցե պետնախարարը ոչ հասցեական հայտարարությո՞ւն է անում՝ հասցեագրված ինչ-որ առավելություններից օգտված հատուկ մարդկանց։
Տարբեր պաշտոնյաներ ոչ ճիշտ, միտումնավոր կամ չիմացության արդյունքում կատարված ձևակերպումներով, տպավորություն են ստեղծում, որ Արցախն այդքան էլ շրջափակված չէ։ Նման գրառումների արդյունքում հեռվում գտնվողները կհասկանան, որ հնարավորություն եղել է մեկնելու Հայաստան և վերադառնալու Արցախ, սակայն այժմ սահմանափակում է մտցվել։ Բայց իրականում նման հնարավորություն չի եղել։
Պետք է հարց ուղղել Գուրգեն Ներսիսյանին, թե նա ի՞նչ նկատի ունենալով է նման գրառում կատարել։ Միգուցե տեղեկացված չէ՞ ընդհանրապես, որովհետև սա նմանատիպ առաջին գրառումը չէ։ Մի անգամ էլ նման գրառում տեսանք, երբ ասում էր, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները նույն ճանապարհով են գնում, ինչ ՀՀ իշխանությունները։
Նա ինչ-որ տարօրինակ, անհասկանալի դիտարկումներ է ներկայացնում։ Երևի դա նաև արձագանքն է երեկվա միջադեպի, երբ ադրբեջանցիները թույլ չէին տվել մի խումբ արցախցիների տեղափոխող ավտոբուսին մուտք գործել Ստեփանակերտ։ Միգուցե այս գրառումն ուղղված է ռուս խաղաղպահներին, բայց հասցեական չէ, չեմ կարող ասել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։