Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում որոշակի հետընթաց կա. հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ մամուլի ասուլիսում։
«Այո, ես կասեի, որ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց Ադրբեջանի առաջարկներում տեքստի որոշ կետերի բովանդակության առումով, բայց նաև որոշակի առաջընթաց` մի շարք այլ ոլորտներում», – ասաց Միրզոյանը։
Նախարարը կայունության գործոն է անվանել հայ-ադրբեջանական սահմանին գործող Եվրամիության դիտորդական առաքելությունը։
«Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ այլևայլության: Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- ասաց Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է բանակցությունների շարունակմամբ.
«Ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի ունենալ ադրբեջանական կողմի համաձայնությունը և շարունակել մեր բանակցությունները»:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն: