Վերջին օրերին Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և հնարավոր պատերազմը շատ ուղիղ ձևով են առնչվում Հայաստանին, որովհետև, եթե աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում որոշում կայացվի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել, ապա ավելի քան ակնհայտ է, որ այդ գործընթացին էական մասնակցություն կունենա նաև Ադրբեջանը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Ադրբեջանն ունենալու է նաև իր կոնկրետ դերակատարումը։ Ո՞րն է լինելու այդ դերակատարումը. ըստ էության՝ հարվածով, Զանգելանի միջոցով փորձել գրավել Մեղրիի հատվածը և փակել հայ-իրանական սահմանը, որպեսզի Իրանը բոլոր կողմերից շրջապատված լինի, և որևիցե սահմանով նրան աջակցություն չտրամադրվի։
Սա լավ հասկանում են և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և չեմ բացառում, որ մոտ ժամանակներս Սյունիքում տեսնենք լրացուցիչ ուժերի տեղակայում, այդ թվում՝ նաև ռուսական կոնտինգենտի»,- ասաց միջազգայնագետը՝ հավելելով, որ պետք է սպասել նաև հայ-իրանական սահմանին իրանական ստորաբաժանումների թվաքանակի ավելացման։
Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ առաջին հարվածները հենց այս ուղղությամբ են լինելու։
«Դա է լինելու ռազմական գործողությունների պատճառը և հիմքը։ Դրա համար էլ մեզ համար սա չափազանց վտանգավոր է։ Հայկական կողմը ոչ միայն պետք է խուսափի պատերազմական գործողություններին մասնակցելուց, այլև ամեն ինչ անի՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների և իրանցիների միջև բախումներ թույլ չտալու։ Դա կլինի Հայաստանի, ըստ էության, կործանումը»,- ասմփոփեց միջազգայնագետը։
Ինչպես ավելի վաղ նշել էին իրանական ԶԼՄ–ները, իրանական Սպահանում գտնվող ՊՆ-ի ռազմական օբյեկտը փոքր անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել է, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, մյուս երկու սարքերը որսացել են զինվորականներն ու պայթեցրել։ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցում էր ԱՄՆ ավիացիան։
«Իսրայելը գաղտնի հարված է հասցրել Իրանի պաշտպանական համալիրին», – հայտնել էին պարբերականին` հղում անելով անհայտ ամերիկացի պաշտոնյաների։