Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական վարույթ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ:
Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ՝ներառյալ իրավական, չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը։ Այլապես մինչ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում:
Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,-ասաց նա։
«Մեր այստեղ գտնվելու պատճառը հենց դա է. գործընթաց սկսելու առաջին հերթին հանցակից լինելու Արցախի Հանրապետության և Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանության գործիք հանդիսացած Ադրբեջանի կառավարության կամ Ադրբեջանի նախագահի հանդեպ և նրան հանցակից եղած ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրածի նկատմամբ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ անցած տարի այդ օրերին Արցախի բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման: