Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար Հայաստանն անհրաժեշտ է համարում միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը. եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը». Միրզոյանն անդրադարձել է նաև եռակողմ փաստաթղթի՝ Ադրբեջանի կողմից խախտումներին։
«Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարանի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- նշել է Միրզոյանը։
Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. տեղեկացրել է ԱԳ նախարարը։ Մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության 3 ծառայողներ, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։
«Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։
Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը։