Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ.
«Բարի առավոտ, տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ մասնակցելու արտաքին գործերի նախարարների խորհրդին:
Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ։
Իհարկե, սա լավ հնարավորություն է նաև արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, այն աջակցության համար, որը Եվրոպական միությունը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև, ինչպես ասացի, քննարկել հետագա ծրագրերը:
Շնորհակալ եմ»:
Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանում հարատև կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։
Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները՝ կարևորելով դրանց ԵՄ շարունակական աջակցությունն ու թիրախային ուղղություններով ԵՄ անդամ երկրների հետ սերտ փոխգործակցությունը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին հայտնել է հայկական կողմի երախտիքը՝ առաքելության գործունեությանն աջակցության և առաքելության կազմում անմիջական մասնակցության համար։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը և պատասխանել է անդամ երկրներին հետաքրքրող հարցերի։
Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ուղենշային ծրագրերի, դրանցում ԵՄ անդամ երկրների ներգրավածության հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականության ապահովման հանգամանքին։
Ի թիվս այլնի, ընդգծվել է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժն ու կարևորությունը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը։
Շարունակելով տարածաշրջանային նշանակության թեմաները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։
Որպես տարածաշրջանում խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի, Արևելքն Արևմուտքին կապող ենթակառուցվածների կայուն ցանցի ընդլայնման համատեքստում։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին հետաքրքրող լայն շրջանակի հարցերի շուրջ։