Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների պատճառով Եվրոպական միության կողմից Մոսկվայի դեմ սահմանվել է պատժամիջոցների 10 փաթեթ: Առաջիկայում ծրագրվող 11-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ն նախատեսում է խստացնել գործող սահմանափակումները և ավելի խստորեն վերահսկել դրանց շրջանցումը: Հայաստանը և Ղազախստանը խոստացել են փոքր-ինչ զսպել Ռուսաստանի հետ ռազմական տեխնիկայի և շքեղության ապրանքների առևտուրը, որպեսզի զերծ մնան ԵՄ-ի պատասխան միջոցներից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, POLITICO հրատարակությունը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ:
POLITICO-ն նշում է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, որը ենթադրում է միության երկրների միջև ապրանքների ազատ տեղաշարժ՝ Հայաստանի համար տեխնիկապես բարդ է դառնում հնարավոր զգայուն ապրանքների հոսքի սահմանափակումը:
«Չնայած Եվրասիական տնտեսական միությունը երաշխավորում է ապրանքների ազատ տեղաշարժը, սակայն մենք չենք կարող պատժամիջոցների տակ ընկնել՝ ներգրավվելով ստվերային գործունեության մեջ, շրջանցելով պատժամիջոցները», – նշել է Սաֆարյանը:
«Մենք շատ անհանգստացած ենք, որ նման զարգացումը՝ երկրի կամ մեր ընկերությունների՝ պատժամիջոցների տակ հայտնվելը, կազդեն մեր տնտեսության վրա, և Հայաստանի համար տնտեսության և անվտանգության տեսանկյունից անտանելի իրավիճակ կստեղծվի», – հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Հայաստանն այժմ հրապարակայնորեն հանձն է առել աշխատել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ արգելափակելու «ռիսկային ապրանքների» առևտուրը: Անցյալ ամիս Երևանը կազմել է այնպիսի ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ կիրառվում են խիստ վերահսկողության միջոցներ. դրանք այն ապրանքներն են, որոնք կարող են, ի վերջո, օգտագործվել ռուսական զենքի արդյունաբերության մեջ:
POLITICO-ն հավելում է, որ «լինելով տարածաշրջանի միակ զարգացող ժողովրդավարական պետություններից մեկը, ունենալով կառավարություն, որը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքացիական ազատությունների և մամուլի ազատության հարցում, Երևանը հեռանում է իր ավանդական դաշնակից Ռուսաստանից և ձգտում սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ»:
«Մեր քաղաքականությունը հիմնված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ երկխոսության վրա: Սակայն մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանանք կարգավորել այս հարցերը, քանի որ մեր տնտեսությունները մեծապես փոխկապակցված են», – ասել է Մնացական Սաֆարյանը: