Մոսկվան շատ լայն հասկացողություն է. Մոսկվայում կան քաղաքական, սոցիալական և տնտեսական բազմաթիվ շերտեր, և հետևաբար ամեն շերտում կան մարդիկ՝ քաղաքական գործիչներ, բլոգերներ, որոնք տարբեր հարցերի հետ կապված իրենց կարծիքն ունեն։ Հետևաբար ես չեմ կարող ասել, թե հավաքական իմաստով ինչ կարծիք կլինի, առավել ևս, որ պարոն Սիմոնյանի հայտարարությունը չեմ լսել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ մի փոքր ավելի է համարում Արցախին առնչվող հարցերում «Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները»։
Հարցին՝ ինքն անձամբ կարծո՞ւմ է, որ պաշտոնական Մոսկվան երբեմն չափից շատ է խառնվում Հայաստանին և Արցախին առնչվող հարցերին կամ ջղաձգումներ ունենում, իշխանական պատգամավոր պատասխանեց.
«Ես չեմ կարող դա գնահատել, որովհետև ես ինչո՞ւ պիտի գնահատեմ՝ շատ է խառնվում, թե քիչ է խառնվում։ Մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք ռազմավարական դաշինքի մեջ, հետևաբար մեր գործողությունների ընդհանուր վեկտորը միշտ նույն ուղղվածությունն ունի։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ինքնուրույն քաղաքականություն վարի։
Եթե դրանից ինչ-որ ռուսական քաղաքական գործիչների տրամադրությունն ընկնում է, դա ուրիշ հարց է»,- ասաց Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր՝ Ռուսաստանն, իհարկե, դեր ունի հայ-ադրբեջանկան բանակցություններում, սակայն մի քիչ ավելի է համարում «Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որևէ այլ կողմ փորձում է որևէ դրական բան անել:
«Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից պետք է լինի: Պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս աշխարհաքաղաքական որևէ ելևէջի կամ որևէ մեկի ցանկության կամ խանդի»,- հավելել էր Սիմոնյանը։