Մենք պարտվեցինք, որովհետև դավաճանները ներսից էին։ Որքան էլ թշնամիներ ունենայինք դրսից, տարիներն ապացուցել էին, որ մեզ հնարավոր չէր դրսից հարվածել և պարտության մատնել, Azg,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Մեր թշնամիները դա շատ լավ հասկացան և շատ հմտորեն աշխատեցին։ Հրաշալի գիտակցելով, որ չեն կարող Հայաստանը քանդել դրսից, որոշեցին, որ ամենահեշտ մեթոդը մեր երկիրը ներսից քանդելն է։
Շատ կարճ ժամանակում մեր թշնամիները թիմ հավաքեցին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների, որոնք էլ, որպես 5-րդ շարասյուն, իշխանության բերվեցին։ Նրանք էլ հենց ներսից քանդեցին երկիրը՝ այսօր էլ շարունակելով իրենց ավերիչ քաղաքականությունը»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալ հնարավոր է միայն օր առաջ գործող իշխանություններից ազատվելով։
Նրա համոզմամբ՝ այլ տարբերակ չկա, և եթե գործող ռեժիմը շարունակի մնալ իշխանության ղեկին, Հայաստանից ոչինչ չի մնա։
«Մեր հասարակությունը պետք է մի շատ կարևոր բան գիտակցի. բացի նրանից, որ այս իշխանությունները դավաճան են, նաև կապիտուլյանտ են։
Եթե հայ հասարակության որոշ մասը դավաճանությունը չի ընդունում, ապա կապիտուլյանտ լինելը չի կարող չընդունել։ Համաշխարհային հանրության կողմից ևս ՀՀ իշխանությունները ընկալվում են որպես կապիտուլյանտ»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջում Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ մեր եռատոնը նսեմացվեց հենց գործող իշխանությունների կողմից, և այս հարցում այլ մեղավորներ չպետք է փնտրել։