Իրանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև որպես անցումային օղակ կառուցվող Աղբանդ կամուրջին զուգահեռ՝ ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանն Ադրբեջանին առաջարկեր ճանապարհ ունենալ նաև Սյունիքի տարածքով, սակայն՝ ոչ մի խոսք միջանցքի մասին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը Արաքս գետի վրա Աղբանդ կամրջի կառուցման աշխատանքների մեկնարկին։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը պատրաստ է բավարարվել զուտ Հայաստանի տարածքով Նախիջևան գնացող ճանապարհով, Հայաստանը կարող է հայտարարել, որ համապատասխան վճարի դիմաց պատրաստ է ճանապարհ տրամադրել ադրբեջանական կողմին՝ ընդ որում՝ ոչ թե որպես այլընտրանք Իրանի տարածքով անցնող Աղբանդի կամուրջի, այլ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի տրամաբանական շարունակություն։
«Բնական է, որ սա որոշ առումով ՀՀ իշխանությունների նկատմամբ ներքին դժգոհություն է առաջացնելու, բայց քաղաքական նպատակահարմարությունը, կարծում եմ, ավելի կարևոր է, քան քաղաքական ուժի՝ վարկանիշի կորուստը»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Քաղաքագետի խոսքով՝ տեսնելով, որ չեն կարողանում կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանի իշխանություններն այս պահին պետք է իրենց ժողովրդին և աշխարհին մոտավոր նման ինչ-որ բան ցույց տան։
«Ուղղակի Հայաստանի տարածքով անցնող ճանապարհին համաձայնելն Ադրբեջանի համար կնշանակեր հետքայլ անել իր սկզբնական պահանջներից, դրա համար էլ ինչ-որ մի բան պետք է կարողանան ցույց տալ, որ «Տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» չեղավ, բայց այս մյուս ճանապարհը եղավ»»,- ասաց Ղևոնդյանը։
Հարցին՝ կարո՞ղ է Աղբանդի կամուրջը զսպել Ադրբեջանի հավակնությունները՝ ամեն կերպ հասնել Նախիջևանին կապող միջանցքի տրամադրման, քաղաքագետը բացասական պատասխան տվեց։
«Իրանի տարածքով անցնող կամուրջն, իհարկե, Ադրբեջանի համար զսպիչ գործոն չի կարող լինել, որովհետև «Զանգեզուրի միջանցքը» քաղաքական իմաստ ունի և այսօր էլ, հետագայում էլ Ադրբեջանի օրակարգում է։ Քանի դեռ ընդամենը մեկ Սյունիք է բաժանում Ադրբեջանն ու Նախիջևանը, Ադրբեջանը և Թուրքիան, «Զանգեզուրի միջանցքը» միշտ էլ լինելու է իրենց օրակարգում։ Այլ հարց է, որ նրանք կարող են առայժմ ակտիվ քայլեր չկատարել այդ «միջանցքը» բացելու համար, բայց, կրկնում եմ, չեն մոռանա դրա մասին»,- ասաց քաղաքագետը։