«Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելը հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը:Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն։ Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը: Պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, հիմա մնում է նրանց՝ դա ապահովելու ճանապարհը»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Ինչ վերաբերում է Հայաստանի գործընկերային հարաբերություններին, նա հավելել է.
«Միացյալ Նահանգները համարում է, որ ի վերջո Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները, իր գործընկերները, եւ ինչպես է առաջ շարժվելու երկիրը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում: Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահանգները՝ խաղաղություն Եվրոպայում, Հարավային Կովկասում. մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար: Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է, բայց նաեւ Եվրոպական միությունն է շատ ակտիվորեն ներգրավված, որովհետեւ եւ՛ մենք, եւ՛ իրենք տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն ունենալն իրոք շահեկան է: Ես համարում եմ, որ մենք շատ կարեւոր շահեր ունենք Հայաստանում, բայց Միացյալ Նահանգների շահն այն է, որ մենք եւ դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացների: Տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով պայծառ կետ է տարածաշրջանում: Հայաստանը առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն»: