Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում թույլ տված արարքները՝ նրա կողմից ուղիղ եթերում ջուրը սեղանին լցնելն այլևս շատ մանր հարց է. քաղտեխնոլոգ

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում թույլ տված արարքները՝ նրա կողմից ուղիղ եթերում ջուրը սեղանին լցնելն այլևս շատ մանր հարց է՝ նույնիսկ անիմաստ քննարկելու համար, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Զրույցներ պետության մասին» խորագրով 4-րդ տեսանյութին, որտեղ վերջինս խոսում է իրավունքի, իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին՝ ընթացքում սեղանին լցնելով գրաֆինով ջուրը։

«Հիշո՞ւմ եք, թե  Հայաստանի Հանրապետության որ ղեկավարն էր հայտարարում, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հիշո՞ւմ եք, որ հետո այդ նույն ղեկավարն ասում էր՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ»։ Հիշո՞ւմ եք, որ այդ նույն մարդն ինչ-որ պահի հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց այսօր ամենամեծ տուգանքները վճարում են ՀՀ քաղաքացիները։

ՀՀ այդ նույն ղեկավարն էր ամբիոնից հայտարարում, որ Արցախի հարցով ամեն բան որոշվելու է հրապարակում, մինչդեռ հետո բանակցում էր փակ դռների հետևում։

ՀՀ փոխվարչապետն իր հերթին հայտարարում էր, որ սահմանագծման և սահմանազատման մասին օրենք պետք է լինի, սակայն առանց օրենքի Հայաստանից տարածքներ են հանձնում։ Ահա այս իրականության մեջ քննարկել, որ երկրի առաջին դեմքը գրաֆինի ջուրը լցնում է սեղանին, այդքան էլ առաջնային չէ։ Այս հարցի քննարկումը ոչինչ չի տալիս, քանի որ տվյալ անձնավորությունն այդ պահին հարմար գտավ իր խոսքն առավել նկարագրական դարձնելու համար գրաֆինով ջուրը լցնել սեղանին»,- ասաց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի խոսքով՝ առավել էական է քննարկել այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից հետո այսօր Արցախն այլևս հայկական չէ, որպես հայկական պետություն գոյություն չունի։

«Առավել էական է այն, որ քաղաքացին այսօր լավ էլ տուգանքի մատերիալ է, առավել էական է, որ Ֆրիդըմ Հաուսը և մնացած միջազգային կառույցներն են բացահայտ հայտարարում Հայաստանի՝ «ժողովրդավարության կղզյակ» լինելու մասին»,- ամփոփեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում վարվում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում։