«Երբ խոսում ենք հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման: Այդ հարցերից մեկը հենց երկու հասարակությունների միջև կապերն են։ Նաև պետք է ընդունենք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջում, այդ հաշտեցման կարիքը կա, բայց հասարակությունների ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմաներով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, հաղթահարելու խնդիր կա, ժամանակ է պահանջում»,- «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարն այս համատեքստում նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում քաղհասարակության ներկայացուցիչների փոխայցերին:
«Շաբաթներ առաջ տեղի ունեցան շփումներ քաղհասարակության ներկայացուցիչների միջև Հայաստանում, այս լսարանում ունենք փորձագետներ Ադրբեջանից, այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից: Սա է ճանապարհն այդ երկխոսությունը նաև հասարակությունների միջև զարգացնելու համար»,- ասաց Միրզոյանը:





