Հայ-ռուսական հարաբերությունները խայտառակ վիճակում են և այդ հանգրվանին հասել են Ռուսաստանի ջանքերով։ Իրավիճակն այդպիսին է դեռ 2007 թվականից, երբ Ռուսաստանը սկսեց իր գլոբալ, աշխարհաքաղաքական շահերը դիտարկել մեկ այլ հարթության մեջ։ Ցավոք սրտի, դիտարկման արդյունքում այդ շահերին զոհ գնաց նաև հայ-ռուսական ստրատեգիական դաշնակցությունը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների հիմքերը դրվել են դեռ 2000-ականների սկիզբներին, սակայն ՀՀ բոլոր ղեկավարները կա՛մ չեն տեսել դա, կա՛մ օբյեկտիվ իրողությունները հաշվի չեն առել։
«Եվ այսօր այդ ամենի արդյունքում մենք հանգել ենք մի իրավիճակի, երբ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի դաշնակիցը չէ, այլ մեծ հաշվով Հայաստանի թշնամին է։ Դրա թիվ մեկ մեղավորը Ռուսաստանն է, որը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում փոխել է իր շահերը։
Մեղավոր ենք նաև մենք, որ առկա գործընթացների արդյունքում ճիշտ հետևությունների չենք հանգել, այլ զբաղվել ենք տարբեր հիմարություններով. մեկն ասել է, որ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ՌԴ-ն շատ լավ է տրամադրված, մեկն ասել է՝ Փաշինյանը սորոսական է, մեկն էլ՝ Կրեմլի «ագենտ» է և այլն։
Ահա այսպիսի հիմարություններով իրական օրակարգը ծածկվել է, իսկ իրական օրակարգը, կրկնում եմ, այն է, որ Ռուսաստանի շահերը փոխվել են։ Դա օբյեկտիվ իրողություն է, և ոչ ոք դրանում մեղավոր չէ։ Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք սա պետք է հաշվի առնենք»,- ասաց քաղաքագետը։
Վերջում Դավիթ Ստեփանյանը հավելեց՝ վերոնշյալ գործընթացների ֆոնին հայ-ռուսական հարաբերություններին այնքան էլ լավ ապագա չի սպասվում, որովհետև ՌԴ-ի հետ լավ հարաբերություն ունենալ՝ նշանակում է ՀՀ պետականությունը նվիրել Ռուսաստանին, որն էլ, իր իսկ շահերից ելնելով, այդ պետականության մի մասը կվաճառի Թուրքիային և Ադրբեջանին։
«Արցախի «փառուխիզացիան», թուրք-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիան խոսում են միայն և միայն վերը թվարկածներիս մասին»,- ասաց քաղաքագետը։