Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործում շատ անկեղծ է. նա պարզ ասում է՝ մինչև Հայաստանը չկատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, հայ-թուրքական սահմանը չի բացվելու, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ մինչև 44-օրյա պատերազմը, երբ Հայաստանը բանակցային գործընթացում հանդես էր գալիս ուժեղի և թելադրողի դիրքերից, անգամ այդ ժամանակ Թուրքիան տեղի չտվեց, չդավաճանեց Ադրբեջանի շահերը։ Հիմա առավել ևս, երբ Հայաստանը պարտվածի կարգավիճակում է, և բանակցային գործընթացում իրենից էական գործոն չի ներկայացնում, Թուրքիան տեղի չի տա։
Մեր զրուցակիցը միաժամանակ նկատեց՝ Հայաստանի և Արցախի ապագան, գոնե այս պահին, լուծվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ադրբեջանի և մասամբ՝ Իրանի ակտիվ ներգրավվածությամբ, մինչդեռ ինքը՝ Հայաստանը, քաղաքական գործընթացներում հավասարը հավասարի կարգավիճակում չէ։
«Անիի կամուրջի համատեղ վերականգնումը ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ որոշված հարց էր։ Հիմա, երբ ՀՀ արգործնախարարը Անկարայում ելույթի ժամանակ այդ մասին հպարտ-հպարտ հայտարարում է, դա մեր ինչի՞ն է պետք։ Բացարձակ անիմաստ և մանկամիտ որոշման վրա այդքան ուրախանալը ո՞րն է։ Հիմա, երբ Հայաստանն այս վիճակում է, որևիցե մեկը մտածո՞ւմ է, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ ինչ-որ-հարաբերություններ հաստատել՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի 5 շանտաժ-նախապայմանները»,- ասաց քաղաքագետը։
Ամփոփոելով՝ Գագիկ Համբարյանը շեշտեց՝ հայ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու լավատեսության տակ աղետ է տեսնում։
«Կամ Հայաստանը համաձայնել է կատարել Ադրբեջանի բոլոր նախապայմանները, և Թուրքիան այդ պարագայում բացելու է հայ-թուրքական սահմանը, կամ կրկին սեփական ձախողումները քողարկելու համար լավատեսական հայտարարություններ են անում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին մեկնել էին Թուրքիա:
Նրանց օդանավակայանում դիմավորել էր երկխոսության գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Անկարայում տեղի էր ունեցել Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
Մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ Չավուշօղլուն անդրադարձել էր հայ գործընկերոջ հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշել էր, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին, միաժամանակ կարծիք հայտնել, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները նպաստելու են տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը: