Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել. Շվեյցարիայի դեսպան

Շվեյցարիայի կառավարությունը 960 հազար շվեյցարական ֆրանկ կհատկացնի ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրին`  Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 28-ին  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության պայմանագրով Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն կցուցաբերի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։ 12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կվերականգնի Հայաստանում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար:

Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց Ձոր) խոշորացված համայնքների՝ հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։