Հայաստանին լքելը Ֆրանսիայի համար կլինի դաժան խայտառակություն, իսկ Եվրոպայի համար՝ մեղսավոր հրաժարում։ Այս մասին Le Journal-ում «Օգնենք Հայաստանին» վերտառությամբ հրապարակված հոդվածում հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Օլանդը հիշեցրել է, որ որպես նախագահ՝ մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերին։
«Այս փորձառությունն ինձ մղում է հրապարակավ նախազգուշացման՝ արդարությունն ու պատիվն այսօր Ֆրանսիայից պահանջում են անել ամեն հնարավորը հայերին օգնելու համար», – գրել է Օլանդը:
Ֆրանսիայի նախկին նախագահը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ հայերը հուսահատ փախել են իրենց հայրենիքից:
«Նրանց տները լքված կամ այրված են, եկեղեցիները՝ ավերված։ Էթնիկ զտումներ են ընթանում: Նրանցից շատերի կյանքի համար մտավախություն կա, եթե միջազգային հանրությունը արագ չգնա՝ ստուգելու նրանց տարածքներում պահելու կամ տարհանելու պայմանները։ Բայց ամենավատն առջևում է, քանի որ հենց Հայաստանի՝ այս այնքան թանկ, բայց այնքան փխրուն երկրի ամբողջականությանը կարող է վնասվել։
Դրան նպաստում է ամեն ինչ։ Ուկրաինայում ձախողված Վլադիմիր Պուտինը մտադիր է իր վրեժը լուծել Կովկասում։ Նա վճռական է ցույց տալու, որ Հայաստանը, առանց իր վերահսկողության, անհետանալու վտանգի առջև է, և որ, հետևաբար, նա պետք է ենթարկվի Ռուսաստանին, որպեսզի պահպանի իր գոյությունը: Էրդողանը, ով չի հրաժարվել իր օսմանյան երազանքից, դրդում է Ադրբեջանին գնալ հնարավորինս հեռուն իր գործողության մեջ…
Ինչ վերաբերում է արդեն ռուսական գազից զրկված եվրոպացիներին, ապա նրանք խնայում են Բաքվին, որպեսզի չկորցնեն վառելիքի մատակարարման նոր աղբյուրը։ Ամերիկացիները շատ բան են անում Ուկրաինային օգնելու համար, բայց Կովկասի պարագայում կարող են համարել, որ այն շատ հեռու է։ Մի խոսքով, Հայաստանին հերթական անգամ վախկոտ լքում է սպառնում։
Հանձնվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, մեղսավոր հրաժարում՝ Եվրոպայի համար և մեծ զիջում Մոսկվային՝ Միացյալ Նահանգների համար: Ուստի ժամանակն է ուժով և համոզմունքով հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են, և որ դրանք պետք է երաշխավորվեն։ Ելնելով իր պատմությունից և արժեքներից՝ Ֆրանսիան պետք է կանգնի առաջին գծում», – գրել է Օլանդը: