Դեռ անցած տարի մենք Արցախ ունեինք՝ թեկուզ շրջափակված, իսկ այս տարի նույնիսկ դա չունենք. մենք կորցրեցինք Արցախը, և եթե հույս կար, որ շրջափակումից, հետպատերազմական դեպրեսիվ վիճակից դուրս գալուց հետո արցախահայությունը կվերագտնի իրեն և կշարունակի ապրել ու արարել, ապա այդ հույսերն այսօր հօդս են ցնդել. այսօր ունենք հայաթափված և հայազրկված Արցախ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ ամփոփելով 2023 թվականը։
«Եթե անցած տարիներին Բաքվի բանտերում պահվող գերիները զինծառայողներ էին, կամավորներ և շարքային քաղաքացիներ, ապա այս տարի Ադրբեջանն արդեն գերեվարել է Արցախի բարձրագույն իշխանության ներկայացուցիների՝ բարձրաստիճան պաշտոնյաների, զիվորականների և այլն։ Այսինքն՝ մենք էլ ավելի մեծ հետընթաց ենք ապրել, և այս առումով շատ դժվար է գալիք տարվա համար լավատեսական սպասումներ ունենալ», ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Արթուր Ղազարյանը նկատեց՝ երբ Հայաստանի նման փոքր երկիրը շրջապատված է թշնամի պետություններով, որոնց բանակները հարյուրապատիկ անգամ հզոր են, բնակչությունը՝ մի քանի անգամ ավելի, նշանակում է՝ պետք է ունենալ հուսալի պաշտպանական համակարգ կամ այդպիսի համակարգի մաս կազմել։
«Նման համակարգ, քիչ թե շատ, ՀԱՊԿ-ն է և Ռուսաստանի հետ մեր դաշնակցությունը, բայց մենք տեսնում ենք, որ տարեվերջին մտնում ենք մի այնպիսի փուլ, որտեղ խիստ կասկածի տակ են դրվում մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները։
Որպես այլընտրանք՝ դիտվում է ՆԱՏՕ-ն՝ մոռանալով, որ տարածաշրջանում որպես թելադրող երկիր՝ հանդես է գալիս այդ կառույցի անդամ Թուրքիան, ինչը նշանակում է, որ նրա կարծիքի հետ պետք է հաշվի նստել։ Իսկ Թուրքիան Մեծ Թուրանի ճանապարհին մեզ դեռևս թշնամի է դիտում և առնվազն կցանկանա Հայաստանին տեսնել այնպիսի թույլ վիճակում, ինչպիսին մեր երկիրն այժմ կա, կամ առհաարակ չտեսնել աշխարհի քաղաքական քարտեզի վրա։
Ես չեմ վախենում 21-րդ դարում նման միտք հայտնել, որովհետև մենք այսօր էլ տեսնում ենք, թե աշխարհում ինչ զարգացումներ են տեղի ունենում, իսկ եթե գերտերութունների շահերրը մի փոքր իսկ համընկնեն, հավատացնում եմ՝ ՀՀ պետականության հարցը խիստ կասկածելի կդառնա»,- ասաց Արթուր Ղազարյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ հասարակությունը պետք է դուրս գա խոր թմբիրից, որպեսզի կարողանա գիտակից ընտրություն կատարել։
«Հայտնի է, որ ռացիոնալ ընտրություն կատարելը դժվար է, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ անցյալից դասեր քաղելով՝ հասարակությունը ռացիոնալ ընտրություն կատարի՝ իշխանություն դարձնելով հասարակության թիկունքին ամուր կանգնած քաղաքական ուժի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։