Հայ-վրացական հարաբերություններում առկա է պոտենցիալ, ընդ որում՝ այդ պոտենցիալը և՛ հնարավորություններն են, և՛վտանգները։ Դրա համար էլ կողմերը պետք է միմյանց հետ համաձայնեցված գործեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ այսօր ՀՀ կատարած պաշտոնական այցին։
«Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում գլոբալ աշխարհում և տարածաշրջանում, որովհետև վտանգ կա, որ որոշ արտաքին ուժեր կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական իրավիճակ հրահրել՝ նույնիսկ անկախ Ադրբեջանի իշխանությունների ցանկությունից։ Պատճառն այն է, որ կա ցանկություն, որ ռազմական գործողությունների տարածքները գնալով ընդլայնվեն, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի միջև հակամարտությունը մտնում է նոր փուլ, իսկ պատերազմում կանոններ գոյություն չունեն»,- նշեց վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ ամենալուրջ միջազգային փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս՝ 2024 թվականին պատերազմական օջախներից մեկը կարող է լինել Հարավային Կովկասը՝ առաջին հերթին հայ-ադրբեջանական ընդհարումները։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այստեղ հիմնական խնդիրը Սյունիքով անցնող «միջանցքն է», և Իրանն ու Թուրքիան այստեղ հակադիր տեսակետներ ունեն։
«Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի այդ կոնֆլիկտը մեծանա՝ մի կողմից վերածվելով իրանաթուրքական պատերազմի, իսկ մյուս կողմից բավականին սառը ռուս-թուրքական հարաբերություններն ավելի լարվեն, որովհետև Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել, եթե Իրանի և Թուրքիայի միջև պատերազմ լինի։
Իրանը Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակություն է ձեռք բերում, իսկ ահա Թուրիքայի հետ իրավիճակային հարաբերություններ են։ Այս վիճակում, բնականաբար, հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն ուղղակիորեն վերաբերում է Վրաստանին, ինչպես որ միանշանակ Վրաստանին են վերաբերում հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք կոմունիկացիաները։
Հնարավոր է՝ Վրաստանին ներքաշեն ինչ-որ կոնֆլիկտի մեջ: Եթե ոչ ուղղակիորեն, ապա գոնե անուղղակիորեն Վրաստանը միաժամանակ կտուժի։ Հետևաբար Հայաստանն ու Վրաստանը պետք է միմյանց հետ ավելի սերտ հարաբերություններ ունենան, միմյանց տեղեկացնեն, թե ինչ պրոցեսներ են կատարվում, և ինչ պայմանավորվածություններ կան, կոորդինացված գործեն։ Դրա համար էլ հայ և վրացի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները կարևոր են»,- նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ արդյոք Վրաստանը խնդիր չի տեսնի, եթե Հայաստանը Տավուշի 4 գյուղ հանձնի Ադրբեջանին, և Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի մի հատվածն այդուհետ անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո, Ստեփան Դանիելյանը պատասխանեց՝ քանի որ տեղանքի վերաբերյալ նեղ-մասնագիտական գիտելիքներ չունի, կդժվարանա որևէ կոնկրետ բան ասել։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու երկրների ղեկավարները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։