Հասարակության հատվածի մոտ թյուրըմբռնում կա, որ ընդդիմության կողմից մանդատների վայր դնելը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի, բայց նման բան գոյություն չունի։ ՀՀ Սահմանադրության որևէ կետ հնարավորություն չի տալիս այդ ճանապարհով խորհրդարանը լուծարել. ընդդիմության մանդատները վայր դնելը Նիկոլի հեռացման ճանապարհը չի մոտեցնելու, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով քաղաքական ճգնաժամի թեմային՝ ՀՀԿ-ական գործիչը շեշտեց՝ 2020 թվականի նոյմեբերի 9-ից սկսած՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. 2020 թվականից մինչ օրս երկրում տեղի ունեցող հակաիշխանական ցույցերը, ըստ Շարմազանովի, դրա վառ ապացույցն են։
«Եթե ճգնաժամը հաղթահարված լիներ, մայիսի 9-ին Հանրապետությա հրապարակը լեփ-լեցուն չէր լինի»,- ասաց բանախոսը։
Ինչ վերաբերում է հունիսի 12-ին ԱԺ մատույցներում ոստիկանության գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց՝ հունիսի 12-ը հավասար է Մարտի 1-ին, քանի որ երկու տեղում էլ հրահրողը նույնն էր։ Տարբերությունն այն է, թե միջազգային կառույցների և դեսպանատների կողմից ինչ գնահատականներ էին տրվում այն ժամանակ, և ինչ լռություն է պահպանվում հիմա։
«ԱՄՆ-ի , միացյալ Արևմուտքի պատակը մեկն է՝ տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին։ 2018 թվականին նրանց հովանավորչությամբ իրականացված հեղափոխությունն այլ նպատակ չի ունեցել։ Բոլտոնը դա ասել է՝ պատմական կաղապարներից հրաժարում։ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Թուրքիան Փաշինյանին բերել են իշխանության, որ ՌԴ-ին կա՛մ ամբողջությմամբ հեռացնեն, կա՛մ ներկայությունը թուլացնեն, և Նիկոլին ներվելու է ամեն ինչ, քանի դեռ նա հակառուսական գծի մեջ է»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Շարմազանովը շեշտեց՝ 2018 թվականին Հայաստանի դեմ տեղի է ունեցել աշխարհաքաղաքական դավադրություն։
Նա միաժամակ հավելեց՝ ինքը հայ-ռուսական դաշնակցության կողմնակից է և գտնում է, որ Հայաստանը ՌԴ-ից ավելի արդյունավետ դաշնակից ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող է ունենալ։
«Հայ-ռուսական դաշնակցության արդյունքը եղել են երկու հայկական պետականությունները, զարգացած տնտեսությունը։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր շահերից։ Ռուսաստանին կարող են քննադատել բոլորը՝ բացի Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից»,- ասաց բանախոսը։
«Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիան ստորագրի, Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի թիկունքում գնա ու Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, մատը մատին չտա բլոկադայի ժամանակ, մտնի ուղիղ եթեր ու ասի՝ էթնիկ զտում չկա ու հիմա իրավունք վերապահի Ռուսաստանին քննադատի՞։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նման են այն անառակ որդուն, որ ծնողին տալիս են ծերանոց, հետո բողոքում, որ ծերանոցի խոհարարը աղը շատ է լցրել ճաշի մեջ։ Ով-ով՝ թող ինքը իր ձայնը կտրի»,- նշեց Շարմազանովը։