Այս պահին դեռ դժվար է ասել՝ արդյոք նոր՝ Փաշինյան-Ալիև ուղիղ բանակցությունների ֆորմատ է ձևավորվում, թե ոչ, որովհետև ի սկզբանե ակնաատես ենք եղել տարբեր ձևաչափերի մրցակցության։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որ հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա, փոխարենը աշխատանքներ են տարվում Բրյուսելում կազմակերպելու Փաշինյան-Ալիև հանդիպում։
«Մի կողմից մրցակցություն կա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից. նրանց կողմից առաջ մղվող ձևաչափը «3+3»-ն է, և այդ ձևաչափով չափազանց շահագրգռված են իմ հիշատակած բոլոր երեք տերությունները։ Ինչո՞ւ. որովհետև դա թույլ է տալիս տարածաշրջանը փակել Արևմուտքի աշխարհաքաղաքական ազդեցության աճի առջև։ Դա ձեռնտու է յուրաքանչյուրին։
Մյուս կողմից Արևմուտքը, ի հեճուկս որոշ լավատեսական սպասելիքների, կարծես դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ աստիճան կարևոր է այս տարածաշրջանի նկատմամբ աշխարհաքաղաքական վերահսկողությունը։
Արևմուտքի քաղաքականությունը սովորաբար ջանում է որոշակի տեղական հենարան գտնել, իսկ ՀՀ իշխանությունները պետք է շահագրգգռված լինեն արևմտյան ուշադրությամբ։ Ներկա պահին սա միակ հնարավորությունն է փրկել ՀՀ մնացորդը, որն արդեն 29.000ք/կմ-ից էլ քիչ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներխուժումներ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Արևմուտքը լիովին համոզված չէ, որ Հայաստանում անհրաժեշտ հենարան ունի, հետևաբար մեր պետությունը կշարունակի ակնատես լինել մի քանի հարթակների կամ ձևաչափերի ձևավորմանը։
«Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ և դավաճանական կառավարման պատճառով, ինչպես նաև 1991 թվականից ի վեր ներդրված կործանարար արտաքին քաղաքականության պատճառով շարունակելու է լինել համաշխարհային տարբեր դերակատարների ոտքի գնդակը, երբեմն՝ նաև մատաղացուն։
Անհրաժեշտ է հստակություն, որը կա միայն Ադրբեջանի կողմից՝ Հայաստանին պարտադրել վերջնական և բացարձակ կապիտուլյացիա, Թուրիքայի հետ միասին ոչնչացնել ՀՀ պետականությունը։ Սրա մասին, բնականաբար, որևէ ձևաչափում ուղիղ խոսակցություն չի տարվելու, բայց դա Ադրբեջանի և Թուրքիայի միակ նպատակն է, որի իրականացման համար նրանք նախանձախնդրորոեն գործելու են»,- նշեց մեր զրուցակիցը։
Վերջում Ալեքսանդր Քանանյանն ընդգծեց՝ Ադրբեջանն այս պահին ձեռնտու չի համարում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև համոզված է, որ աշխարհում ծավալվող աշխարհաքաղաքական նոր անկայունությունը կարող է իրեն Հայաստանի նոր տարածքներ գրավելու հնարավորություններ ընձեռել։