Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Կ. Պոլսի 30 հազար հայ շրջանավարտների մեջ հայերեն իմացող 3 հոգու չես գտնի. «Ժամանակ»օրաթերթի խմբագրի ահազանգը

Կոստանդնուպոլսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթը 116 տարեկան է, այս ամբողջ ընթացքում թողարկվել   է անընդմեջ: Ոչ միայն Սփյուռքում, այլեւ առհասարակ հայ իրականության մեջ ամենահին օրաթերթն է:

Գոչունյան տոհմի արդեն 4-րդ սերունդն է հրատարակում «Ժամանակը»: Թերթը 1908 թվականին հիմնադրել են Միսաք եւ Սարգիս Գոչունյան եղբայրները, հիմա այն ղեկավարում է նրանց ժառանգը՝ Արա Գոչունյանը:

Ժամանակի պահանջով «Ժամանակը» ունի նաեւ կայքէջ, որի սփռումն, անշուշտ, շատ ավելի մեծ է, քան թերթինը: Թերթը լույս է տեսնում օրական 1000 օրինակով եւ սպառվում է Կ.Պոլսում:

«116 տարի Թուրքիայում հրատարակվելը չի կարելի բացատրել միայն Գոչունյան տոհմի համառությամբ: Բալկաններից մինչեւ Կովկաս, մինչեւ Եգիպտոս «Ժամանակը» կանոնավոր տարածում ու սպառում է ունեցել: Հետո, աստիճանաբար աշխարհագրությունը փոքրացել է, որովհետեւ այդ տարածքները զրկվել են  հայերից: Եվ թերթն աստիճանաբար սկսել է  սահմանափակվել Կ. Պոլսով:

Լրատվամիջոց լինելով՝ այն ազգային ինքնությունը պահպանելու, հայապահպանության լծակ լինելու առաքելություն է ունեցել: Ընթերցողները հայ իրականության մասին տեղեկություն ստանալուց բացի, նաեւ իրենց մայրենի լեզվի հետ ամենօրյա կապն են պահել: Հայ ընտանիքները ցանկացել են «Ժամանակ» օրաթերթն իրենց օջախներում ունենալ ու փոխանցել սերնդեսերունդ:

Ժամանակները փոխվել են, այսօր տպագիր թերթ պահելը բավականին բարդ է: Տպագիր թերթ հիմա առաջվա պես հաճախ չեն կարդում, այն սպառել է իրեն, բայց շարունակում է հասարակական կարծիքի ձեւավորման  վրա ազդեցություն ունենալ»,- «Ազգ»ի հետ զրույցում ասաց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը վերջերս Հայաստան կատարած իր հերթական այցի ընթացքում:

Արա Գոչունյանն էլ է բազմաթիվ խմբագիրների նման գիտակցում, որ ժամանակակից աշխարհը հակված է դեպի էլեկտրոնային մամուլը, մարդիկ ուզում են ինֆորմացիա ստանալ մատի մեկ հպումով՝ հեռախոսով: Այդ իրողության դեմ չես կարող պայքարել, պարզապես պետք է դրա հետ հաշվի նստել ու փորձել լրատվամիջոցը ներկայացնել նաեւ էլեկտրոնային հարթակներում:

«Սփյուռքում ու հատկապես Թուրքիայում հայ համայնքի հավաքական կյանքը նոր ժամանակների անհրաժեշտություններին համապատասխանելու առումով շատ է դանդաղում,  արձագանքելու տեսակետից խիստ սահմանափակ է: Լուրջ խնդիր է դարձել Սփյուռքի ավանդական կառույցների առաքելությունը հաջորդ սերունդներին փոխանցելը: Յուրաքանչյուր սերունդ հայապահպանման գործը պարտավորվում է  սկսել զրոյից, որովհետեւ փոխանցման մեխանիզմներն առհասարակ չեն աշխատում: Մեր թերթի մարտահրավերներն այս իրողությանն են վերաբերում»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը:

Այնուհետեւ Արա Գոչունյանը ներկայացրեց այն մարտահրավերները, որոնց դեմ հանդիման է  հայկական մամուլը Սփյուռքում, եւ որոնք հաղթահարելն ավելի ու ավելի դժվար է դառնում:  
«Ամենամեծ հարցն այն է, որ «Ժամանակ» օրաթերթն սկսեց պատահական եկամուտներով գոյատեւել.  մենք միայն տպագիր թերթի շնորհիվ ենք շարունակում եկամուտներ ունենալ: Այսօր որեւէ մեկի կողմից չկա վարչարարական կամք, որ ցանկություն լինի տվյալ լրատվամիջոցը պահել ոչ միայն այսօր, այլեւ ապահովվի նրա շարունակականությունը նաեւ ապագայում:
Իսկ այսօրվա պահածը խիստ խաբուսիկ է, երաշխիքներ չունի:

Սա ընդհանրական հիմնախնդիր  է. ամբողջ աշխարհում արեւմտահայերենով ու դասական ուղղագրությամբ հրատարակվող լրատվամիջոցների հարցը լուրջ է:

 «Ժամանակը» կուսակցական լրատվամիջոց չէ, իսկ հայտնի է, որ Սփյուռքում տպագրվող պարբերականները՝ լինի թերթ, թե կայք, հովանավորվում եւ ֆինանսավորվում են  այս կամ այն կուսակցության  կողմից: Լրատվամիջոցի  լինել-չլինելու որոշումները կուսակցություններն են կայացնում: «Ժամանակը»՝ որպես անկախ լրատվամիջոց, ապագայում եւ մեր բնօրրանում՝ Պոլսում, հրատարակվելու հնարավորություններից օգտվել չի կարող, ապագայում եւս գործելու երաշխիքներ չունի»,-նկատեց Արա Գոչունյանը:

Կ.Պոլսում 3000 աշակերտ ունեցող դպրոցների ցանց է գործում: Միջին հաշվարկով վերջին 10 տարում այդ դպրոցները 30 հազար հայ աշակերտ են ունեցել:

Բայց այդ 30 հազարի մեջ գրավոր եւ բանավոր հայերենին լիարժեք տիրապետող 3 շրջանավարտ չես գտնի.  պատմում է խմբագիրը:

Սա դպրոցական ամբողջ համակարգի սնանկության ապացույցն է, որի մասին Արա Գոչունյանը ցավով է նշում: Ի դեպ, այդ դպրոցական համակարգի վրա ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսվում:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու հովանու ներքո է գործում այս ամբողջ համակարգը, իսկ համայնքին պատկանող միջոցները տնօրինում են եկեղեցիների վարչական խորհուրդները, որոնք էլ հովանավորում են դպրոցական համակարգերը: Եկեղեցու լեզուն հայերենն է, բայց հոգեւոր դասը մի կարգին հայերեն էլ չգիտե. իրականությունը ներկայացրեց  Արա Գոչունյանը:

«Ստացվում է, որ կա մի համակարգ, որն իր լինելության, գոյության նպատակին չի ծառայում, շեղվել է այդ նպատակից: Այս իրավիճակում «Ժամանակ» օրաթերթի ամենօրյա  հրատարակումը նշանակում է վերահաստատել այդ համակարգի սնանկությունը: Թերթն ամեն օր այդ ահազանգը հնչեցնում է, ու մարդիկ ամեն օր այդ սնանկության մերկացումի մասին կարդում են ու իրենք էլ են առերեսվում այդ իրականությանը: Այս հակասական իրավիճակում հոսանքի դեմ թիավարելով՝  փորձում ենք ապագա ստեղծել»,- «Ժամանակ» օրաթերթի ու Թուրքիայի հայ համայնքի  մասին հարցի պատասխանը եզրափակեց Արա Գոչունյանը:
Զրույցի շարունակությունը՝ «Ազգ»-ի հաջորդ համարում:

Արա Գոչունյանի հետ հարցազրույցի տեսանյութը կարող եք դիտել Azg.am կայքում, հետեւյալ հասցեով՝  https://www.youtube.com/watch?v=iNoTFw300Ek&ab_channel=Azg

ՆԱԻՐ ՅԱՆ