Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Կարելի է ենթադրել, որ հաջորդ քայլը կլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը և ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը. Ստեփան Դանիելյան

Ամեն ինչ արդեն պարզից էլ պարզ է։ Սրանից առաջ էլ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ չնշանակվեց (ՀՀ նախագահի հրամանագրով Վիկտոր Բիյագովն ավելի վաղ հետ էր կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից՝ խմբ)։ Պրոցեսը գնում է նրան, որ այդ կառույցի հետ հարաբերությունները սառեցվեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Տուլա չմեկնելու  և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չմասնակցելու փաստին։

«Կարելի է նույնիսկ ենթադրել, որ հաջորդ քայլը կլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը և ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանից դուրսբերումը։

Իհարկե, դժվար է ենթադրություններ անել, թե ինչ ժամկետներում այս ամենի տեղի կունենա, սակայն իրադարձությունները շատ արագ են զարգանում»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ռուսական կողմի դիրքորոշմանը և հնարավոր արձագանքին՝ Ստեփան Դանիելյանը նկատեց՝ մեկ բան հաստատ է՝ Արցախի կորուստը Ռուսաստանի ներկայության կորուստն է Հարավային Կովկասում։

«Որովհետև այն գլխից էլ պարզ էր, որ եթե Արցախն ընկնի, ապա Ռուսաստանը Հայաստանում ևս կկորցնի իր ազդեցությունը։ Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է սա հաշվի առներ և գուցե այլ քաղաքականություն վարեր։ Հիմա արդեն ռուսների ազդեցությունը գնալով ավելի կթուլանա Հայաստանում և Հարավային Կովկասում։

Կարծում եմ՝ այսուհետ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ դեպքեր տեղի կունենան Վրաստանում։ Վրաստանում ևս ԱՄՆ-ի կողմից իշխող ուժին փոխելու մի քանի փորձ է արվել, և լուրեր են պտտվում, որ վրացական իրավապահ մարմինները վերջերս ռազմական հեղաշրջման փորձ էին բացահայտել, բարձրաստիճան պաշտոնյաների անուններ նշել։

Պետք է նաև հաշվի առնել, որ հաջորդ տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, իսկ դա մեզ համար կարևոր է, որովհետև Հայաստանի աշխարհաքաղաքական օբյեկտների փոփոխությունը փոխկապակցված է Վրաստանի քաղական զարգացումների հետ»,- ասաց վերլուծաբանը։