Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը. հերթական փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ին։
Կառավարության ծրագրով նախատեսված է, որ 2024 թվականից պետական տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից տրամադրվող, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման փաստաթղթերը Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։
Ինչպես այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը, այդ նպատակով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
«Փոփոխությունների և լրացումների արդյունքում սահմանվեց, որ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև հողամասը սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղականքը, հողամասի և շենքերի՝ նպատակային և գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ որոշումները Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով։
Այդ գործառույթների կառավարման նպատակով կառավարությունն այս տարվա փետրվարի 23-ին ընդունել է որոշում, որով սահմանվել է են փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ընթացակարգերը։ Սահմանափակումներ կիրառող մարմինների համար այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 24-ից, իսկ իրավահաստատվող փաստաթղթեր տրամադրող մարմինների համար՝ սույն թվականի հուլիսի 24-ից։
Այնուհետև Կադաստրի կոմիտեի կողմից ներդրվեց էլեկտրոնային համակարգ, որի միջոցով մարմինները ներբեռնում են այդ համակարգ։ Այս փոփոխությունների արդյունքում այլևս անհրաժեշտություն չի լինի, որ քաղաքացին ևս մեկ անգամ այցելի այդ մարմիններ՝ փաստաթղթերը թղթային տարբերակով ստանալու համար, այլ դրանք կստանան sms հաղորդագրության և էլեկտորնային փոստի միջոցով»,- ասաց բանախոսը։
Ըստ Արմեն Ալեքսանյանի՝ օրինակ, եթե կողմերը մոտեցել են նոտարական գրասենյակ և կնքել առքուվաճառքի պայմանագիր, նոտարի կողմից վավերացված փաստաթուղթը մուտքագրվում է համակարգ, և քաղաքացուն տրամադրվում է փաստաթղթի ծածկագիրը։
«Եթե նախկինում քաղաքացիները թղթային տարբերակները սկանավորում էին և դրանք դիմումին կից ներկայացնում, ապա այժմ՝ համապատասխան գործիքի միջոցով ծածկագիրը մուտքագրում են, և այդ փաստաթուղթն արդեն ինքնաշխատ տարբերակով կցագրվում է։ Դա շատ հեշտացնում է քաղաքացիների գործը»,- նշեց Ալեքսանյանը։