Այն, ինչ այժմ կատարվում է Իրանի շուրջ, երկու նպատակ ունի՝ թիրախավորել այդ երկրի միջուկային օբյեկտները և երկրորդ՝ Իրանի իշխանությանը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Եթե Իրանն ատոմային տերություն դառնա, իրական վտանգ կներկայացնի Իսրայելի և ԱՄՆ-ի համար, և այժմ խնդիր է դրված ոչնչացնել հարստացված ուրան արտադրող իրանական օբյեկտները։ Երկրորդն Իրանում իշխանափոխություն իրականացնելն է։ Սակայն այն օբյեկտները, որոնք ընտրվեցին և թիրախավորվեցին հունվարի 28-ին, Իրանի ո՛չ ռազմական, ո՛չ ռազմաարդյունաբերական համալիրի, ո՛չ էլ զինական պոտենցիալի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու։ Այս երևույթը պարբերաբար կրկնվելու է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հայկ Նահապետյանի կարծիքով՝ չկա մի երկիրր, որն այս պահին ի զորու լինի ցամաքային զինական օպերացիա սկսել Իրանի դեմ, զորքեր կամ զրահատեխնիկա մտցնի այդ երկրի տարածք։
«Տեսականորեն Իրանի դեմ ցամաքային օպերացիա կարող է իրականացնել Ադրբեջանը, բայց Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի Հայաաստանի և Իրանի միջև պատմական սահմանի փոփոխություն. ուշադրություն դարձնենք՝ ոչ թե պետական, այլ պատմական։ Իսկ սա նշանակում է, որ Իրանը լավ հիշում է՝ ուղիղ 110 տարի առաջ՝ մինչև 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրը, Բաքվի խանությունն իր կայսրության մաս էր կազմում։ Այնպես որ, եթե Ադրբեջանը ցամաքային գործողությունների դիմի, ուղղակի կմիանա Իրանին»,- նշեց Հայկ Նահապետյանը։
Երկրորդ երկիրը, ըստ ռազմական փորձագետի, որը կարող է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել, Թուրքիան է, սակայն վերջինս Իրանին իր ստարտեգիական հակառակորդ չի դիտում և լավ գիտի կարմիր գիծը, որն Իրանի պարագայում չպետք է հատել։
«Իրանը ցամաքային հարված կարող է ստանալ նաև Իրաքից և Պակիստանից, սակայն Պակիստանը չի գնա նման քայլի, քանի որ հասկանում է՝ Իրանը մասնատելն իր համար բավական խնդրահարույց է։
Այսպիսով, Իրանի դեմ ցամաքային լուրջ օպերացիան բացառում եմ, բայց կրկնում եմ՝ օդային հարվածները կրկնվելու են՝ նպատակ ունենալով Իրանի ներսում խժդժություններ, իսկ վերջնարդյունքում նաև իշխանափոխություն իրականացնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որքան էլ Իսրայելը գիտակցում է՝ Իրանն ունի իրեն հարվածելու պոտենցիալ, միևնույն է՝ կրկին փորձելու է այլոց ձեռքով սեղմել Իրանի շուրջ ապակայունացնող օղակը։





