Իրանի Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունները:
Fars իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր ասել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխմանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ճշգրտմանը։ Մենք համաձայն ենք տրանսպորտային ուղիների և տրանսպորտային ցանցերի զարգացմանն այնպես, որ դրանք ապահովեն տարածաշրջանի երկրների շահերը, նպաստել զարգացմանը և մարդկանց բարեկեցությանը:
Բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխություններին, մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նա հիշեցրել է, որ Թեհրանը մշտապես կոչ է անում տարածաշրջանի երկրների միջև առաջացող վեճերը կարգավորել քաղաքական գործընթացի և երկկողմ բանակցությունների եղանակով և միայն տարածաշրջանային ներուժի ներգրավմամբ:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Քանանին ասել է, թե Իրանը սատարում է «այդ հողերն Ադրբեջանին վերադարձնելուն» և միաժամանակ ավելացրել է, որ «Թեհրանն ունի ղարաբաղցի փախստականներին օգնություն ուղարկելու ծրագրեր»: