«Այդ ընթացքում մենք ամեն օր Երևանում ունենալու ենք տարբեր տիպի բողոքի ակցիաներ ու անհնազանդության գործողություններ ու երթեր մինչև ամսի 1-ը, դրանից հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների». ՀՅԴ գերագուն մարմնի ներկայացուցիչ, պատգամավորի մանդատ ունեցող Իշխան Սաղաթելյանը, որին քաղաքական իշխանությունը ԱԺ փոխխոսնակի աթոռից զրկեց պաշտոնավորումից մոտ մեկ տարի անց, այս հայտարարությունն արել է 2021-ին:
«Մինչեւ վերջ պայքարելու» մասին հայտարարող Սաղաթելյանն ու ելույթի համար իրար ձեռքից միկրոֆոն փախցնող մյուս գործիչները խոստանում էին՝ խորհրդարան կգնան կա՛մ նոր վարչապետ ընտրելու, կա՛մ ԱԺ չեն վերադառնա:
«Մենք հստակ ունենք ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը, վստահ եղեք, թիկունք կանգնեք, միասին՝ մինչև վերջ», – մեծախոսում էր դաշնակցական գործիչը:
Խրոխտ այս հայտարարությունից հետո անցել է ուղիղ երեք տարի, եւ ներկայացնում ենք, թե խոսքից անդին՝ իրականում ի՞նչ «կտրուկ գործողություններ» են արել ընդդիմադիրները:
«Ուլտրաընդդիմադիրները», չհաջողելով փողոցային պայքարն ու վիժեցնելով մերթընդմերթ արթնացող մարդկային ցասումը, խելոք-խելոք խորհրդարան վերադարձան եւ երիցս լեգիտիմացրին ՔՊ-ի եւ անձամբ Փաշինյանի իշխանությունը:
Շարունակեցին ստանալ եւ այսօր էլ ստանում են ամսական 460 հազար աշխատավարձ, 250 հազար գրպանի գումար եւ եռամսյակային պարգեւավճար: ՔՊ-ականների հետ մեկնում են գործողումների (իրականում՝ վոյաժների) եւ խիստ «բովանդակային» այդ այցերն անմահացնում լայնժպիտ լուսանկարով՝ իշխանականների կողքին կանգնած:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ