Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ «ինչ ուզում ենք՝ էդ էլ բանակցում ենք» քաղաքականությունը, միայն թե լինի թղթի կտոր, վրան գրված՝ «խաղաղություն», խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Իսկ ի՞նչ է գրված մեջը. չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից։ Իրենց ողջ բանակցային գործընթացը բերեց Արցախի շուրջ բանակցությունների վիժեցմանը, պատերազմի, հիմա էլ իրենք են խոստովանում, որ պատերազմը կարող է վաղն էլ սկսվել։ COP29-ը հենց վերջանա՝ շատ ռեալ է այդ ամենը լինելու։
Ադրբեջանը գնալով լկտիանում է, այս երկու օրվա ընթացքում երկու պահանջ ներկայացրեց՝ թող ժողովուրդը հանրաքվեով հաստատի կապիտուլյացիան և ՀՀ իշխանությունները պատժեն արցախյան պատերազմի հերոսներին»,- հիշեցրեց պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանությունները խոստովանում են՝ վաղն անգամ կարող է նոր պատերազմ սկսվել, սակայն ոչ մի կերպ չեն փոխում իրենց կողմից վարվող քաղաքականությունը։