Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև այդ երկիրը ՀՀ անկախության առաջին իսկ տարվանից անշեղորեն պահպանել է Հայաստանի նկատմամբ որդեգրած իր դիրքորոշումը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ այսօր ԱԺ-ում արած այն հայտարարությանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, և ինքը հույս ունի, որ հայ-թուրքական սահմանն առաջիկայում կբացվի։
«Մենք գործ ունենք Թուրքիայի՝ ավելի քան 30 տարի առաջ ընդունված պետական քաղաքականության հետ։
Երկրորդ, հայտնի է, որ մայիսի 14-ին Թուրքիայում ընտրություններ են սպասվում. այս վիճակում, երբ Էրդողանն ամեն բան անում է՝ մի կերպ պահպանելու իր իշխանությունը, չի զբաղվելու Հայաստանով»,- ասաց Հակոբ Չաքրյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը՝ թուրքագետը շեշտեց՝ ընտրական գործընթացներով զբաղված Էրդողանը հայ-թուրքական սահմանով զբաղվելու ժամանակ չունի. նրա միտքն ավելի շատ սևեռված է միջազգային հեղինակավոր մամուլում իր վերաբերյալ բացասական հրապարակումների վրա։
«Այնպես որ, Հայաստանի հետ սահմանի բացումն այս պահին իրատեսական չէ։ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը որևէ հիմք չունի։ Եթե Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անկեղծ մտադրություն ունենար, 44-օրյա պատերազմի ընթացքում լկտիաբար չէր հայտարարի, որ իրենց վերջնական նպատակը 1915-ին թուրքերի կիսատ թողած գործն ավարտին հասցնելն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ վարչապետը հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարում է՝ զուտ զբաղեցնելու հայ հասարակությանը։
Վերջում Հակոբ Չաքրյանը շեշտեց՝ քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն լուծել Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածների հայտնաբերման, ադրբեջանցիներին հանձնված դիրքերի և տարածքների հարցերը, չպետք է և չեն կարող խոսել Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել էր.
«Այդ հնարավորությունը մեծացել է վերդիվանագիտական և վերքաղաքական գործոնների` մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարեւանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին»։