Այն ամենը, ինչ թուրքերը մեզ փորձում էին համոզել մի քանի տարի առաջ և չէին կարողանում, այսօր արդեն անում է մեկ այլ անձ. թուրքերը Հայաստանում մարդ ունեն, որը, որպես ՀՀ ղեկավար, առաջ է տանում թուրքական գաղափարները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին հյուրընկալված թուրքական իշխանական TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենի՝ թուրքամետ և ադրբեջանամետ թեզերին։
«Դեռ մի քանի տարի առաջ՝ պրոտոկոլների ժամանակ, թուրքական կազմակերպությունների և առանձին անհատների կողմից Հայաստան գնալ-գալու շատ դեպքեր եղան, և թուրքերը շարունակ փորձում էին մեզ ինչ-որ բան համոզել. առաջինը Հայոց ցեղասպանության ժխտման մասին հայտարարություններն էին, երբ Հայաստան եկած թուրքերն ասում էին՝ «Գիտե՞ք, «ցեղասպանություն»-ը ծանր բառ է, որպեսզի Թուրքիայի համար ընդունելի լինի, եկեք մեկ ուրիշ եզրույթ գտնենք, օրինակ՝ պատերազմական հանցագործություններ»։
Թուրք բանագնացները մեզ նաև համոզում էին մոռանալ անցյալը, նոր էջ բացել և դրանով առաջնորդվել։ Այժմ այդպիսի խոսակցություններ նորից եմ լսում, որ պետք է սպիտակ էջ բացել՝ հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց զրոյական կետից շարժվելու անհրաժեշտության մասին»,- ասաց մեր զրուցակիցը։
Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում թուրք գործիչների՝ Հայաստան այցերն ավելի ու ավելի հաճախակի են դառնում, բացի այդ՝ թեկուզ կեղծ, սակայն լուրեր են տարածվում, որ ինչ-որ ադրբեջանցի եկել է «ծնված-մեծացած» շենք։
«Նման բաները պատահական չեն լինում, դրանք հստակ նպատակ են հետապնդում։ Թուրքերը նորից փորձում են մեզ սովորեցնել, թե ինչ և ինչպես պետք է անենք, ինչից պետք է հրաժարվենք կամ չհրաժարվենք։
Երբ Պետրոս Ղազարյանին հյուրընկալված թուրք լրագրողը, նկատի ունենալով Հայաստանին և Ադրբեջանին, ասում է, որ երկու հարևաններ վեճի ժամանակ երրորդ հարևանը չպետք է խառնվի, միանգամից հարց է ծագում՝ իսկ Թուրքիան երրորդ երկիր չէ՞։ Թուրքիան ոչ միայն խառնվում է Հայաստանի և Ադրբեջանի գործերին, այլև անգամ Էրդողանն է խոստովանում, որ Ադրբեջանի հաղթանակն անհնար կլիներ առանց Ադրբեջանի օգնության»,- նշեց թուրքագետը։
Մեր զրուցակիցը չբացառեց, որ արդեն մոտ ապագայում Հայաստան հրավիրված թուրք ամենատարբեր գործիչներ փորձեն ընդհուպ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել և առաջ տանել պրոթուրքական տեսակետներ։
«Եթե մի քանի տարի առաջ խորհրդարանում՝ ամբիոնի մոտ, նույնիսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի տեսանք, ինչո՞ւ չպետք է թուրքերին խոսք չտան՝ մանավանդ եթե այդ մեկը լրագրող է, դիվանագետ կամ այլ մասնագետ»,- ասաց Լեքմագյոզյանը։
Վերջում թուրքագետը հավելեց՝ բոլորովին պատահական չէ, որ թուրքական թեզերն անձամբ թուրքերի կողմից արդեն հնչում են հենց Հանրայինի եթերից։
«Պետրոսն ո՞ւմ համար է աշխատում, ի՞նչ գործ է անում։ Ոչ միայն Պետրոսը, այլև, կարելի է ասել, ամբողջ ընտանիքը»,- հարց հնչեցրեց Տիրան Լոքմագյոզյանը։