Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Զիջումների պատրաստ ՀՀ իշխանությունները հիմա էլ ճնշումներ են գործադրում Արցախի իշխանությունների վրա. Թևան Պողոսյան

Գոյություն ունեն ճնշումներ, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվում։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ է վերջին շրջանում կատարվում Արցախում, ես պատասխանում եմ՝ ճնշումներ և պատերազմ. թուրքն ուզում է հային վերացնել, Արցախը վերացնել, հետո նաև՝ Հայաստանը, Azg.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելու փաստին։

«Առկա ճնշումների պատճառով, չգիտեմ՝ ինչու, նման որոշումներ են կայացվում։ Այսօրվա դրությամբ միակ բանը, որ կարելի է հստակ ասել, այն է, որ Արցախում տեղի ունեցան զիջումներ՝ հանուն ինչ-որ բանի, որը, իմ պատկերացմամբ, պարզ կլինի մոտակա օրերին։

Ցավում եմ, որ Արցախի իշխանությունները, ունենալով պայքարի այսչափ պատրաստակամություն, չընտրեցին պայքարի ճանապարհը, այլ գնացին զիջումների»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ զիջումները կատարվել են Լաչինի միջանցքը բացելու դիմաց, մեր զրուցակիցը նկատեց՝ չպետք է մոռանալ, որ մինչև Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն Ադրբեջանը բացահայտ ներկայացրել էր իր պահանջները՝ Կաշենի հանքն իրեն հանձնելու, Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրման, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման առումներով, ավելի ուշ նաև Վարդանյանին աշխատանքից ազատելու պահանջ էր ներկայացրել։

«Հիմա մի քանի օրից կտեսնենք՝ Ռուբեն Վարդանյա՞նն է խնդիրը եղել, թե ոչ, Կաշենի հանքն աշխատելո՞ւ է, թե ոչ, ո՞վ է լինելու հանքի սեփականատերը, սկաներ սարքեր տեղադրվելո՞ւ են, թե ոչ»,- նշեց վերլուծաբանը։

Թևան Պողոսյանի խոսքով՝  Արցախի վրա ճնշումներ գործադրող կարելի է դիտարկել նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին։

«Վստահ եմ՝ հենց ՀՀ իշխանություններից է ճնշումը գալիս, որովհետև Հայաստանն ինքը պատրաստ է զիջումների գնալ, հիմա էլ ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների վրա։ Այս պարագայում կտեսնենք, որ ՀՀ իշխանությունները կասեն՝ «Չէ՛,  պայքարում ենք և կպայքարենք մեր իրավունքների համար»։ Բայց տեսա՞նք այդ պայքարի պատրաստակամությունը. մենակ թողեցին Արցախին, հիմա ուզում են, որ ի՞նչ լինի»,- հարց հնչեցրեց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ ԱՀ կառավարության երեկվա նիստում Արայիկ Հարությունյանը հրապարակել էր Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։