Եթե առաջնորդվենք երկրի առաջին դեմքի՝ նախօրեի հանրահավաքի ժամանակ հայտնած տգետ պատճառաբանություններով, թե Սնուփ Դոգի համերգն արվում է Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, ապա կարող ենք ասել, որ այդ երգիչը տասը տարի առաջ է եղել Ադրբեջանում և առաջինն Ադրբեջանին է գովազդել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սնուփ Դոգի մասշտաբի աստղերի համերգը նպաստում է, որ Հայաստան անունը շրջանառվի աշխարհում, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել և ծնկի է եկել։
«Գիտե՞ք, նորմալ է, երբ Սնուփ Դոգը կամ մեկ այլ համաշխարհային աստղ գովազդի Ադրբեջանը, որովհետև այդ երկիրը ուրիշ ոչինչ չունի գովազդելու՝ ո՛չ պատմություն, ո՛չ մշակույթ։ Ադրբեջանն ամեն ինչ գողացել է հարևան ժողովուրդներից։ Ադրբեջանը չունի գիտություն, չունի կրթություն, ունի միայն նավթադոլարներ։
Ես շատ զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանի կարծիքով կարելի է մեր զինվորներին խայտառակ վիճակում պահել, բայց Սնուփ Դոգի համերգը կազմակերպել։ Իդեպ, ես ունեմ բազմաթիվ ծանոթներ, որոնք մասնակցում են 25-օրյա հավաքներին և փաստում են, որ բանակում խայտառակ վիճակ է։
Մարդիկ քնում են ընդամենը ցելոֆանե ծածկի տակ։ Փաստորեն, հետպատերազմյան շրջանում ահռելի խնդիրներ և սահմանային սարսափելի վիճակ ունեցող երկրում, որտեղ թուրքը կարող է՝ երբ ցանկանա մտնի և որքան հայ զինվոր ցանականա սպանի և գերեվարի, Սնուփ Դոգ են բերում, որ իբր աշխարհին ցույց տան՝ մենք կա՞նք»,- հարց հնչեցրեց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը հիշեցրեց՝ հայ ժողովուրդը մի քանի հազարամյակի պատմություն ունի, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում, եթե հենց մեզ չի հետաքրքրում։
«Եվ միայն տգետ անձնավորությունը կարող է նման թեզերով առաջնորդվել և պարզաբանել հասարակությանը, թե ինչու է Սնուփ Դոգի համերգ կազմակերպվում։ Իհարկե, ես ընդունում եմ, որ այդ ռեփերը տաղանդ է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նա պետք է գա Հայաստան և պետական բյուջեի հաշվին համերգ ունենա։ Նրան կարող էին Հայաստան հրավիրել իշխանությունների հետ լոյալ հարաբերություններ ունեցող հայտնի գործարարները։
Այսինքն՝ պետական բյուջեի գումարները կարելի է վատնել Սնուփ Դոգի վրա, բայց բանակը թողնել խայտառակ վիճակում, դիտավորյալ կերպով հաշմանդամության կարգից զրկել 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հազարավոր զինվորների, հասարակության լայն շերտերի թուլացնել՝ ընդամենը 3 հազար դրամով բարձրացնելով կենսաթոշակը, բայց Հայաստան հրավիրել Սնուփ Դոգին կամ Ջենիֆեր Լոպեսին։
Սա ոչ այլ ինչ է, քան խրախճանք՝ ժանտախտի ժամանակ։ Հայաստանի նման երկրներում են փորձում այսպիսի «տաշի-տուշիներով» երկրի կարևորագույն խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը, մինչդեռ աշխարհում Հայաստանն այժմ ճանաչված է որպես պարտության մատնված երկիր։ Այնպես որ, ինքնախաբեություն է հայտարարել, թե աշխարհահռչակ ռեփերի գալով՝ աշխարհում ճանաչելու են Հայաստանը։ ՀՀ գործող իշխանությունները Հայաստանը վաղուց վերածել են Իրաքի, Սոմալիի և Լիբիայի մակարդակի երկրի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։