Կրիտիկական մասսա կլինի Հայաստանում, թե ոչ, մեծապես կախված է նրանից՝ արդյոք կլինի այդ մասսային առաջնորդող ծրագիր. ոչ թե ուժ, այլ հենց ծրագիր։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կգտնվեն արդյոք քաղաքացիներ, որոնք կհավատան «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանի խոսքերին և պատրաստ կլինեն դուրս գալ փողոց՝ անհնազանդության գործողությունների և հանրահավաքների։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով.
«Ես մի բան գիտեմ, որ երևի ինձ պետք է արդեն տրամադրեմ՝ էս ամսվա մեջ գնալու կոնկրետ գործողությունների։ Այլևս հնարավոր չէ, էսպես չի կարող շարունակվել»։
«Այս պահին ես առաջնորդող ծրագիր չեմ տեսնում, հետևաբար չեմ կարծում, որ Հայաստանում կրիտիկական մասսա կա։ Թեև իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ իրավիճակը բառացիորեն օրերի ընթացքում կարող է փոխվել։ Ամեն դեպքում, կրիտիկական մասսային առաջնորդողը հաստատ Վարդան Ղուկասյանը չի լինի։
Երկրի վիճակը բավականին լուրջ է, և եթե ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հիմա առավել ևս չունենք»,- նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց, որ ընդհանրապես չի հետևում Վարդան Ղուկասյանին, վերջինիս քաղաքական գործոն չի համարում և չի ցանկանում անդրադառնալ նրա որևէ հայտարարության։
Քաղաքագետ Արթուր Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեև չի ուզում կանգ առնել Վարդան Ղուկասյանի հայտարարության վրա և մեկնաբանել վերջինիս մտքերը, սակայն ակնհայտ է համարում, որ հայաստանյան հասարակության շրջանում դժգոհությունն ահագնացել և աննախադեպ չափերի է հասել։
«Տեսեք՝ մարդկանց շրջանում դժգոհությունն օր օրի է ահագնանում՝ սկսած Ոսկեպարից մինչև Ագարակ։ Այսինքն՝ Հայաստանում ծայրից ծայր դժգոհություն կա, և դժգոհության ալիքն օրվա իշխանությունների վարած քաղաքական կուրսի հետ է կապված։
Բայց պետք է հասկանանք՝ ո՞րն է կրիտիկական մասսա ասվածը՝ տա՞սը հոգին, հազա՞ր հոգին, թե հարյուր հազար հոգին։ Կրկնում եմ՝ մեծ թվով մարդկանց դժգոհություն կա, բայց հիմա դժգոհությունը չլսված չափերի է հասել։ Ամեն ինչ կախված է նրանից՝ ով կկանգնի շարժման գլուխ, որքան տարերայնորեն կզարգանան իրադարձությունները ևայլն»,- ամփոփեց Արթուր Ղազարյանը։