ՀՀ իշխանություններն ինչպես երկիրն են փնթի կառավարում, այնպես էլ բանակը։ ՊՆ կոչվածը պարտավոր էր պահպանել անհրաժեշտ նորմերը՝ ապահովելու զինվորական մեքենայի անվտանգ տեղաշարժը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան հակառակորևդի զինված խմբի կողմից երկու զինծառայողների առևանգման դեպքին։
Հարցին՝ նորմա՞լ է, որ մարտական դիրքեր սնունդ տեղափոխող բեռնատարը վառ կապույտ գունավորմամբ է եղել՝ առանց ուղեկցող մեքենաների, իսկ Սյունիքում՝ թշնամու անմիջական նշանառության տակ գտնվող զինվորական վրանները՝ սպիտակ, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց։
«Բոլոր այդ մեքենաները, վրանները, գոմի նմանվող կացարանը, որտեղ 15 զինծառայող այրվեց, այսօրվա իշխանությունների դեմքն են՝ անգրագետ, դիլետանտ և անպատասխանատու։ Բնական է, որ հետևանքներն էլ այսպիսին են լինելու։

Երկու զինծառայողին առևանգելու իմաստն էլ ակնհայտ է՝ նրանց փոխանակել ոչ վաղ անցյալում ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի երկու զինծառայողի հետ»,- ասաց Նահապետյանը։
Նրա խոսքով՝ այն տարածքները, որտեղ հավանականություն կա, որ կարող են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբեր լինել, մթերք տեղափողող մեքենաներին պետք է ուղեկցող այլ մեքենաներ լինեն։
«Բայց այդ ո՞ր նորմերն են պահպանվում, որ սա էլ պահպանվեր։ Այս միջադեպն ինչ-որ տեղ նաև զորամասի հրամանատրների բացթողման հետևանք է։ Վերադասը փնթիություն է անում, հսկողությունը շատ թույլ է լինում, բայց գոնե զորամասի հրամկազմը, որ զինվորական կրթություն է ստացել, պատերազմի բովով անցել և փորձառություն ունի, չպետք է նման սխալ թույլ տար»,- ասաց ռազմական փորձագետը՝ միաժամանակ օրինակ բերելով Սոթքում ադրբեջանական սադրանքին արժանի հակահարված տալու վերջին դեպքը։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ եթե տեղանքի պատշաճ հետախուզություն է կազմակերպվում, անհրաժեշտ հեռավորության վրա դիպուկահարներ են աշխատում, հակառակորդի ցանկացած սադրանք ձախողվում է։ Ըստ Նահապետյանի՝ Սոթքի դեպքում ձախողվել է ոչ միայն հակառակորդի՝ ոսկու հանքը վերցնելու փորձը, այլև ադրբեջանցիները մարդկային և զինտեխնիակյի բավական լուրջ կորուստներ են ունեցել։
«Կազմակերպված աշխատանքի պարագայում ընդամենը մեկ հրամանով հնարավոր է շարքից հանել հակառակորդի զինտեխնիկան և արժանի հակահարված տալ նրան»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:
Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:







