Արմեն Աշոտյանը 1 տարի 3 ամիս կալանքի տակ է հանուն ոչնչի։ Երեկ նա դատարանի դահլիճում դատավոր Դոլմազյանի կողմից պետք է անմեղ ճանաչվեր և դատարանի դահլիճից ազատ արձակվեր, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա համոզմամբ՝ այն, ինչ 1 տարի 3 ամիս շարունակ կատարվում է Արմեն Աշոտյանի հանդեպ, մարդու խոշտանգում է։
«Այդուհանդերձ այն, որ նա այլևս կլինի տանը՝ իր երեխաների ու հարազատների հետ, զուտ մարդկային-բարոյական առումով մենք սա համարում ենք որոշակի դրական քայլ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական բանտարկյալ։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, «բեսպրեդել» է։ Պետք է նորից արձանագրենք, որ Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումն արվում է մեկ մարդու հրահանգով. այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է, և երեկ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխել է ոչ թե Դոլմազյանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրում եմ՝ իր փոքր վրեժխնդրությունը Արմենի հանդեպ համարել է բավարարված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ քաղաքական գործիչները, Արմեն Աշոտյանի ընկերներն ու գործընկերները նրա հետ կապված քաղաքական ֆարսը պետք է ներկայացնեն որպես մեր օրերի ամենաամոթալի քաղաքական հետապնդումներից մեկը։
Վերջում Զոհրաբյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի համար դեռևս մնում է իր քաղաքական շահերն սպասարկող կատարյալ գործիքը։
«Մենք պետք է շարունակենք միջազգային կառույցներին ուտեցնել իրենց երկակի ստանդարտներով համեմված ֆեյք ժողովրդավարությունը»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։