Ադրբեջանը երբեք չի փորձել քողարկել իր բուն նպատակը, և եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, թե Արցախն Ադրբեջանի կազմում կարող է ինչ-որ իրավունքներ ունենալ, չարաչար սխալվում է. ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչ է լինելու դրա վերջը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի կողմից կրակոցների արդյունքում Արցախում 4 զինծառայողի զոհվելու փաստին։
«Սա ոչ այլ ինչ է, քան ճնշում։ Ադրբեջանն օգտվում է ամեն մի առիթից, ամեն մի փոփոխությունից։ Այժմ նրա գերնպատակն է, որպեսզի Հայաստանը փաստաթուղթ ստորագրի և ասի, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
Նույնիսկ երբ Պրիգոժինը փորձեց Ռուսաստանում ապստամբություն բարձրացնել, հենց այդ ժամանակ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ դրեց Հակարիի կամուրջի վրա։ Այսինքն՝ նրանք ամեն ինչից օգտվում են, բայց ամենացավալին այն է, որ որոշ մարդիկ, չհասկանալով կամ հասկանալով ողջ դժբախտությունը, որ կարող է մեզ սպասել այլ երկրում հեղափոխություն լինելու դեպքում, ծափահարում են այդ ամենին»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը չի փոխվել, շարունակում է իրականացնել իր հայատյաց քաղաքականությունը։ Այս պարագայում, ըստ Բաբայանի, անզոր է անգամ միջազգային հանրությունը, որի՝ Ադրբեջանին ուղղված քննադատությունները որևէ արդյունք չեն տվել։
«Եթե արժեհամակարգից ելնելով սկսեն խոսել և գործել, դա մեկ բան է, բայց մենք տեսնում ենք, որ արժեհամակարգ չկա. յուրաքանչյուր պետություն և ուժային կենտրոն գործում է՝ ելնելով իր շահերից։ Մենք էլ մեր շահերից պետք է խոսենք։ Եթե դրանք համընկնեն, դա մեկ բան է, բայց դա կախված է պրոֆեսիոնալիզմից և հայրենասիրությունից»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ: Զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը: